Կանադան պետք է իր վրա վերցնի դիվանագիտական սկանդալի համար ողջ պատասխանատվությունը՝ հայտարարել են Չինաստանում այն բանից հետո, երբ Օտտավան հայտարարել է, որ Պեկինը մերժել է երկխոսության խնդրանքը, հաղորդում է AFP-ը:

Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են անցած տարվա դեկտեմբերից, երբ Վանկուվերի ոստիկանությունը ձերբակալել է չինական Huawei ընկերության ֆինանսական տնօրենին՝ ԱՄՆ-ի խնդրանքով: Դրանից մի քանի օր անց Չինաստանը ձերբակալել է 2 կանդացու՝ նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգին եւ գործարար Մայքլ Սպավորին:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գրասենյակն ավելի վաղ հայտարարել է, որ Չինաստանը արհամարհել է երկխոսության խնդրանքը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ նման խնդրանք չի եղել: Չինաստանում հայտարարել են, որ Սպավորին եւ Կովրիգին կասկածում են պետական գաղտնիքները հավաքելու ու գողանալու մեջ:

Թրյուդոն պնդել է, որ նրանք ձերբակալվել են «քաղաքական պատճառներով»: