ԵՄ արտաքին  քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվեց՝  կարող է արդյոք Մոգերինին  այս կառավարության աշխատանքը նախորդի հետ համեմատել: «Լավ փորձ է, բայց ես երբեք մի կառավարությունը մյուսի հետ չեմ համեմատի:

Ես կարող եմ հստակ եւ առանց ստվերի գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ ես կարող եմ այն գերազանց  գնահատել», - ընդգծեց նա:

Մոգերինին հավելեց, որ թե իր, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից,  որն արվել է  Խորհրդի արդյունքների հիման վրա, ակնհայտ է, որ կողմերը անցյալ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված  գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: «Ես չեմ համեմատի, բայց այսօր կատարվող աշխատանքը կարելի է որպես գերազանց որակել»: