Թուրքական լիրան նվազել է 1,5%-ով այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից՝ չնայած Վաշինգտոնի ճնշումներին, հաղորդում է Reuters-ը:   

Լիրայի անկումն ուժգնացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի նամակը Թուրքիային չի ստիպի հրաժարվել իր որոշումից:

Լիրայի փոխարժեքը դոլարի դիմաց կազմում է 5,89 ՝ գրեթե 1,5%-ով քիչ, քան նախօրեին:

Վերջին շաբաթների ընթացքում թուրքական արժույթը փոքր-ինչ վերականգնվել է, սակայն Անկարայի վերջին հայտարարությունն իրավիճակը փոխել է:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ս-400-երի գործարքն ավարտին է մոտեցել՝ հավելելով, որ Անկարան չի վիճարկի իր բացառումը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից:

Ներդրողները մտահոգված են աճող դոլարացմամբ՝ լիրայի նկատմամբ վստահության կորստի պատճառով: