Չեմ կարծում, որ յուրաքանչյուր ներդրող, եթե ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ներդրումային գործունեություն իրականացնել, ռիսկերից առաջինը պետք է գնահատի դատական համակարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դատական համակարգի բարեփումների ուշացումն է պատճառը, որ ակտիվ ներդրումներն ուշանում են։

«Չեմ կարծում, որ յուրաքանչյուր ներդրող, եթե ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ներդրումային գործունեություն իրականացնել, ռիսկերից առաջինը պետք է գնահատի դատական համակարգը, որովհետեւ եթե մենք ուսումնասիրենք Հայաստանի ներդրումային պատմությունը, մշտապես ներդրումներ եղել են եւ եղել են հենց այն դատական համակարգի օրոք, որը մինչեւ այսօր գործում է: Մյուս կողմից էլ չեմ կարող բացառել, որ Հայաստանում վերջին քաղաքական պրոցեսների արդյունքում, հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր տնտեսական պատկերացումներն ու կառուցվածքը, որ պետք է ձեւավորենք Հայաստանում, չեն կարող նշանակություն չունենալ, այդ թվում նաեւ դատական իշխանության գործունեությունը»,- նշեց նա

Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նա կարծիք հայտնեց, որ կարող էր լինել ավելի հեղափոխական եւ ավելի գրավիչ ներդրումների մասով, որն էլ կարող էր ունենալ ավելի դրական էֆեկտ:

«Նշեմ, որ ցանկացած պետությունում ներդրումային ծրագրեր իրականցնելու համար առաջին նախապայմաններից պետք է լինեն բարենպաստ ներդրումային պայմանները, բարելավված հարկային քաղաքականությունը, մի քանի այլ տեսակի բաղադրիչները, դրանք ավելի մեծ հույս կներշնչի ներդրողի համար»,- ասաց պատգամավորը: