Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդեցին դատարանին Հեբոյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։ Նշենք, որ Գագիկ Հեբոյանը կալանավորվել է այս տարվա ապրիլի 1–ին։

NEWS.am–ի հետ զրույցում Հեբոյանի պաշտպաններից Արմեն Անտոնյանը նշեց, որ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում է կայացրել մերժել գրավի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն: