Հունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի:

Տեր Հուսիկ քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ վիրահայերի ուխտագնացության նպատակը Մայր Աթոռի սրբությանն ու զորությանը հաղորդակցվելն է ու Ամենայն Հայոց Կաթողիկոսից հայրական օրհնություն ստանալը:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ողջունելով Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առաջնորդելու նախաձեռնությունը:

Նորին Սրբությունը կարեւորեց հայրենիքից հեռու բնակվող հայորդիների այցելությունները Հայաստան եւ հաղորդ դառնալը պատմական սրբավայրերին, ժողովրդի ապրելակերպին, հոգսերին ու ձեռքբերումներին, որպեսզի լիցքավորված եւ զորացած վերադառնալով իրենց օջախները՝ նրանք ավելի նախանձախնդրությամբ լծվեն ազգային եւ հայրենական կյանքի շինությանը:

Գարեգին Երկրորդ Հայրապետը փաստեց, որ քանիցս հովվապետական այցով եղել է Վրաստանում եւ ականատեսը դարձել վիրահայերի զորավոր հավատքին, որի շնորհիվ նրանք կարողացել են պահպանել եւ աշխույժ պահել իրենց ազգային, հոգեւոր եւ մշակութային կյանքը: Հայոց Հովվապետը հորդորեց ուխտավորներին չընկրկել ծառացած դժվարությունների առջեւ, այլ զորացած նախնիների հավատքով շարունակել արարել եւ ստեղծագործել ի պայծառություն հայոց կյանքի եւ Վիրահայոց թեմի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգեւոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ եւ նվիրումով իրականացնելու եւ ազգային արժեքները պահպանելու համար:

Վերջում Նորին Վեհափառությունը հայորդիներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո եւ խաղաղության մեջ: