Երկրորդ անգամ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, նկատի ունենալով հեղինակի եւ հիմնական զեկուցողի բացակայությունը, քննարկվելու է առանց նրանց մասնակցության, եւ խորհրդարանականները պետք է քվեարկեն առանց որեւէ լրացուցիչ քննարկման: Հունիսի 14-ին Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդների եւ սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ անցյալ անգամ, երբ օրինագիծն առաջին անգամ ներկայացվել էր հանձնաժողովի քննարկմանը, օրինագծի հեղինակներին առաջարկվել էր քննարկումը 2 ամսով հետաձգել, սակայն նրանք չօգտվեցին այս հնարավորությունից, եւ օրենսդրական ուղղումները կրկին ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը, իհարկե՝ արդեն ուղղումներով եւ լրացումներով: Ընդ որում՝ Հայրապետյանը նշեց, որ ընդամենը ներկայացվել է 11 ուղղում: Նա հրաժարվեց պարզաբանել, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է՝ հղում կատարելով ԱԺ Կանոնակարգով նախատեսված կարգին, չնայած ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խնդրանքին, որը պատգամավորներին հայտնեց, որ միայն այս գիշեր է վերադարձել աշխատանքային գործուղումից եւ չի հասցրել ծանոթանալ ուղղումներին:

Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովի անդամները 3 կողմ եւ 5 ձեռնպահ ձայներով այս օրինագծին դրական եզրակացություն տվեցին:

Նշենք, որ այն ընդունելու դեպքում, աշխատող մագիստրատները եւ ասպիրանտները կկարողանան ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի հաշվին: «Այդ դեպքում կխրախուսվի ուսանողներին աշխատանքի ընդունելու գործընթացը, ինչպես նաեւ կլուծվի այն խնդիրը, որ աշխատանքային փորձի բացակայության պատճառով ուսանողներին փաստացի աշխատանքի չեն ընդունում»,- ավելի վաղ հայտարարել էր օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: