Բրյուսելում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 13-ին մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նիստին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական քաղաքականության մշակման գործընթացներին:

Անդրադառնալով դատական եւ իրավական բարեփոխումների ազգային օրակարգին՝ արդարադատության նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը եւ քաղաքական կամքը ՀՀ սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի վճռական եւ արմատական բարեփոխումների իրականացման հանդեպ:

Վ. Քոչարյանը ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված կլինեն արդարադատության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը, կնպաստեն իրապես անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կայացմանը՝ նպատակ ունենալով վերականգնել վերջինիս հանդեպ հանրության վստահությունը:

Իր խոսքում Վիգեն Քոչարյանը ողջունել է 2018թ. սեպտեմբերին արդարադատության ոլորտում բարձր քաղաքական երկխոսության մեկնարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Բարձր գնահատելով նմանօրինակ հարթակի ստեղծումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին արդարադատության ոլորտին տրամադրվող տեխնիկական եւ ֆինանսական աջակցության համար եւ վերահաստատել պատրաստակամությունը խորացնելու եւ ընդլայնելու առկա սերտ համագործակցությունը: 

Նիստի արդյունքներով Խորհուրդը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կարեւորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաեւ տնտեսական զարգացմանը եւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան։