Հրաժարականների շարանն արդեն իսկ հուշում է, թե ինչպես է աշխատել Բարձրագույն դատական խորհուրդը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։

«Այսինքն՝ եթե իրենք էլ հասկանային, որ իրենք լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ–ի միջեւ»,–նշեց նա։

Բեքմեզյանը, սակայն, կարծում է՝ ԲԴԽ–ն ահագին գործ արել է այս ընթացքում. «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԲԴԽ–ն ահագին գործ արել է այս ընթացքում, կապված ներքին ենթաօրենսդրական ակտերի ձեւավորման հետ, կապված խորհրդի ձեւավորման հետ, 1 տարի է՝ ինչ աշխատում է եւ կարծում եմ՝ 1 տարին բավարար չէ, որ վերջնական գնահատական տանք, բայց փաստ է, որ դատական համակարգում ունեցանք ճգնաժամ եւ այդ ճգնաժամի մեջ մեղադրում էին ԲԴԽ–ին։ Սակայն, ամբողջովին արդյունավետ համարել ԲԴԽ–ի աշխատանքը մենք չենք կարող»։

ԲԴԽ անդամի թեկնածուն համոզված է՝ իշխանափոխությունից հետո դատական համակարգում ճգնաժամ առաջացավ. «Անսպասելի անկախ է եղել, երկրում իշխանական համակարգը փոխվեց, փոխվեց վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ, այն որ մեր դատական համակարգն ունի խնդիրներ, բոլորս գիտենք, այն, որ մեր դատական համակարգի խնդիրները գալիս էին նախորդ իշխանություններից, դա եւս հասկանալի է, այս անջրպետը առաջացավ իշխանության եւ դատական համակարգի միջեւ, այսինքն՝ դատական համակարգը սկսեց այլեւս ցուցումներ չստանալ ներկա իշխանությունից,  եւ դատական համակարգը սկսեց մտածել՝ եթե սովոր է ցուցումներ ստանալ, ումից ստանա ցուցումներ»։

Խնդիրը, անդամի թեկնածուի կարծիքով, ի սկզբանե ձեւավորված հարաբերություններ էին. «Ի սկզբանե ԲԴԽ–ի ու դատական համակարգի միջեւ չձեւավորվեց գործընկերային հարաբերություններ։ Այնպիսի տպավորություն էր, որ ԲԴԽ–ն  իրեն դիտել է որպես վերահսկող սուբյեկտ, որը պետք է հսկի ու ցուցումներ տա, իսկ դատական համակարգը արդեն կայացած համակարգ էր անկախ իր թերություններից, եւ պարզ է չէր հանդուրժելու նման մոտեցումը»։

Ընտրվելու դեպքում, Բեքեմզյանը հավաստիացրեց՝ նպաստելու է  դատական խորհուրդ եւ ԲԴԽ հարաբերություններ կայացմանը, որ դրանք մեկ միասնական համակարգ լինեն։

Նա հավաստիացրեց, որ անկախ է լինելու՝ անկախ նրանից, որ «Իմ քայլի» կողմից է առաջարկվել.  «Եթե իմ վրա ճնշում գործադրելու փորձ լինի, առաջինն եմ դրա մասին ասելու»։

Հարցին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ձայնագրությունը չի վկայում, որ նարավոր չէ անկախ լինել, նա հրաժարբեց պատասխանել. «Ես չեմ կարող գնահատական տալ կրճատված, մոնտաժված ձայնագրությանը»։

ԲԴԽ նախագահի պաշտոնին հավակնելու հարցին Բեքեմեզյանն ասաց. «Ես չեմ կարող հավակնել նախագահի պաշտոնին, քանի որ դատավորը ընտրվում է կոլեգիալ սկզբունքով եւ կարող է օրենքով Դատավորների միության ներկայացուցիչը լինել, այսինքն՝ ես այնտեղ գնում եմ շարքային անդամ։ Ամեն դեպքում ես հուշեմ՝ վարչական աշխատանք այդքան շատ չեմ սիրում»

ԲԴԽ անդամների հրաժարականների մասով նա նշեց, որ պատրաստ է աշխատել բոլորի հետ. «Ես էլի դեմ չէի լինի, որ այն անդամները, որոնք հրաժարական տվեցին, աշխատել նրանց հետ»։