Բրազիլիայի Գերագույն դատարանը պաշտոնապես հայտարարել է, որ հոմոֆոբիան հանցագործություն է: Հունիսի 13-ին դատարանի 11 անդամից 8-ը քվեարկել է տրանս- եւ նույնասեռականների հանդեպ թշնամական վերաբերմունքը որպես քրեական հանցագործություն գնահատելու օգտին, ինչպես ռասիզմը, հայտնում է DW-ն:  

Բրազիլիայում ռասիզմի հիմքով հանցագործությունները պատժվում են մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ տուգանքով:

«Յուրաքանչյուր նախապաշարմունք բռնության հանցագործություն է: Ցանկացած խտրականություն տառապանք է առաջացնում»,- իր դիրքորոշումն այսպես է հիմնավորել դատավոր Կարմեն Լուզիան՝ նշելով, որոշ նախապաշարմունքներ ավելի մեծ տառապանք են պատճառում, քան մյուսները, քանի որ հոմոֆոբիայի պատճառով, նրա խոսքով, մարդիկ տառապում են նաեւ ընտանիքում. այն երկպառակություն է առաջացնում ծնողների եւ երեխաների, հարազատների եւ ընկերների միջեւ:

Բրազիլիայում վերջին տարիներին նույնասեռականների հանդեպ թշնամական վերաբերմունքը սաստկացել է: Արդեն 40 տարի իրավիճակին հետեւող Grupo Gay de Bahia կազմակերպության տվյալներով՝ միայն 2017 թվականին Բրազիլիայում կատարվել է հոմոֆոբիայի հիմքով 387 սպանություն՝ 30 տոկոսով ավելի, քան 2016-ին:

Բրազիլիայի խորհրդարանում վաղուց են բանավեճեր ընթանում հոմոֆոբիայի դեմ պայքարի մասին օրինագծի շուրջ, սակայն հիմա Ազգային կոնգրեսում մեծամասնությունը պահպանողականներն են: Բրազիլիայի ուլտրաաջ նախագահ Ժաիր Բոլսոնարուն նույնպես բազմիցս բացասաբար է արտահայտվել նույնասեռականների մասին:

Քանի որ խորհրդարանը մինչեւ հիմա չի ընդունել համապատասխան օրենքը, բանավեճին միջամտել է Գերագույն դատարանը: Հոմոֆոբիան հանցագործություն հայտարարելուն դեմ քվեարկած 3 դատավորները նշել են, որ դատարանի որոշումն ապօրինի է, քանի որ միայն խորհրդարանն է իրավասու որոշումներ ընդունել քրեական հանցագոծությունների եւ դրանց կատարման համար պատիժների վերաբերյալ:

Բրազիլիայի խորհրդարանում եւս դժգոհություն են հայտնել Գերագույն դատարանի որոշման կապակցությամբ: Սահմանադրության համաձայն՝ օրենսդրական որոշումները Ազգային կոնգրեսի իրավասության ներքո են, ընդգծել է Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը: