2019 թվականի մայիսի 6-ին Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել էր «Արդյոք Լիդիանը ձեռք է բերել ջերմուկցիների տվյալներն ապօրինի ճանապարհով» հոդվածը, որն ահազանգ էր առերեւույթ հանցագործության մասին։

ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած մեր այս հաղորդումը քննվել է ոստիկանության Ջերմուկի բաժնում, որտեղից ստացել ենք ուշագրավ եւ քննարկման արժանի փաստեր պարունակող հինգ էջանոց մի որոշում։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 2-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածել էր «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերնագրով հայտարարությունը: Այս չափազանց խնդրահարույց հայտարարությունը պարունակում էր տեղեկատվության մանիպուլացում, ինչպես նաեւ հարուցում էր ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասին կասկածներ:

Մենք խնդրել էինք ՀՀ իրավապահ մարմիններին պարզել, թե ի՞նչ ճանապարհով է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ձեռք բերել 2018թ. աշնանը Ջերմուկ խոշորացված համայնքում կազմված «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագիրը ստորագրած համայնքի շուրջ 3000 անդամների անձնական տվյալները՝ խնդրելով նաեւ պատասխանատվության ենթարկել այդ ընկերությանը կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։

Ոստիկանության Ջերմուկի բաժնից ստացված որոշումից իմանում ենք, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ջերմուկ համայնքի 18․12․2018թ․ ավագանու նիստում հավանության արժանանալուց հետո վերոնշյալ հանրագրի եւ դրան կից քաղաքացիների ստորագրությունների եւ անձնական տվյալների թղթերի պատճենները մնացել են համայնքապետարանի առաջատար մասնագետ Սաթենիկ Արամայիսի Կարապետյանի մոտ։ 2019թ․ փետրվարի 27-ին համայնքապետարան է այցելել մի տղամարդ, որը ներկայացել է որպես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից։

Վերջինս վերոնշյալ աշխատակցին է հանձնել ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի 30․01․2019թ․ համայնքի ղեկավարին հասցեագրված գրությունը, որով համայնքներում ընկերության գործունեության գնահատման եւ վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով խնդրվել է տրամադրել կոլեկտիվ հանրագրի պատճենը։ Աշխատակիցը սահմանված կարգով մուտքագրել է գրությունը, որն էլ համայնքի ղեկավարի կողմից մակագրվել է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոհար Թադեւոսյանին։ Մի քանի օր անց համայնքապետարան են այցելել երկու տղամարդ, որոնք ներկայացել են որպես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ եւ հետաքրքրվել են իրենց ներկայացրած գրության պատասխանով։ Դրանից հետո Սաթենիկ Կարապետյանը ծանոթանալու նպատակով նշված անձանց է փոխանցել կոլեկտիվ հանրագրի եւ դրան կից քաղաքացիների ստորագրությունների եւ անձնական տվյալներ պարունակող թերթիկների պատճենները, ովքեր մոտ մեկ ժամ տեւողության ժամանակով ծանոթացել են դրանց։ Համայնքապետարանի աշխատակիցը չի նկատել, որ այդ տղամարդիկ պատճենահանած կամ լուսանկած լինեն դրանք, քանի որ նրանք այդ փաստաթղթերին ծանոթացել են առանձին սենյակում, որտեղ բացի նշված ընկերության աշխատակիցներից ոչ ոք չի եղել։

Իսկ Գոհար Էդիկի Թադեւոսյանը բացատրություն է տվել, որ 2019թ․ փետրվարի 27-ին համայնքի ղեկավարի կողմից իրեն է մակագրվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի 30․01․2019թ․ համայնքի ղեկավարին հասցեագրված վերոնշյալ գրությունը։ Դրանից մի քանի օր անց Սաթենիկ Կարապետյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն, հանրագրի եւ դրան կից քաղաքացիների ստորագրությունների եւ անձնական տվյալների վերաբերյալ թղթերի պատճենները ծանոթանալու նպատակով տրամադրել է համայնքապետարան այցելած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներին եւ վերջիններիս կողմից նշված թղթերը պատճենահանելու կամ նրանց կողմից դրանք որեւէ կերպ ամրագրելու վերաբերյալ ինքը ոչինչ ասել չի կարող։

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերտառությամբ 2019թ․ մայիսի 2-ին տարածած հայտարարության վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու համար ոստիկանությունը գրություն է ուղարկել ընկերություն, սակայն որեւէ աշխատակից այդ կապակցությամբ ոստիկանության Ջերմուկի բաժին չի ներկայացել եւ բացատրություն չի տվել։

Ոստիկանությանը բացատրություններ են տվել Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կամավորներն ու հանրագիրը նախաձեռնած Ջերմուկ համայնքի բնակիչներ Ամուլսարի պահապանները, որոնք պնդել են, որ իրենց կարծիքով ընկերությունն ապօրինի է տիրացել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին եւ իր հայտարարության մեջ էլ կեղծել է ջերմուկցիների հանրագրին վերաբերող տվյալները։

Նյութերի նախապատրաստման ընթացքում զննության է ենթարկվել 2018թ․ դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ավագանուն եւ ղեկավարին ներկայացված կոլեկտիվ հանրագրին կից քաղաքացիների ստորագրություններ եւ անձնական տվյալներ պարունակող թերթիկների պատճենները, որի արդյունքում պարզվել է, որ այն բաղկացած է 158 թերթից, առկա են թվով 2923 քաղաքացիների ստորագրություններ, անուն-ազգանուններ, հասցեներ, հեռախոսահամարներ եւ հանարգիրը հրապարակելուն կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ գրառումներ։ Պարզվել է, որ ստորագրած քաղաքացիներից 2890-ը կողմ են եղել կոլեկտիվ հանրագիրը հրապարակելուն, իսկ 33 քաղաքացիներ՝ դեմ։

Մինչեւ ոստիկանության որոշման վերջին հատվածը ներկայացնելը ուզում ենք ձեր ուշադրությունը բեւեռել այն փաստի վրա, որ ոստիկանության ներկայացրած այս թվերը հաստատում են Լիդիան ընկերության 2019 թվականի մայիսի 2-ի հայտարարության մեջ հետեւյալ պնդման կեղծ լինելը․ «Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն»: Թե ինչո՞ւ է 2923 ստորագրությունը Լիդիանի մոտ դառել 2654՝ կարելի է միայն ենթադրել։ Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ այս ընկերությունը տարիներ շարունակ վարել է Հայաստանի քաղաքացիներին եւ կառավարությանն ապակողմնորոշելու քաղաքականություն՝ ինչի մասին մենք բազմիցս ասել եւ գրել ենք։ Իսկ վերոնշյալ հայտարարության մեջ տեղ գտած մյուս մանիպուլյացիաներին եւ կեղծ տեղեկություններին արդեն իսկ մանրամասն անդրադարձել ենք իրավապահ մարմիններին ուղղված մեր հաղորդման մեջ։

Վերադառնալով ոստիկանության որոշմանը նշենք, որ ՀԲՃ-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումն այնուամենայնիվ մերժվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելու կամ հավաքելու կամ պահելու համար, եթե դրանք նախատեսված չեն օրենքով։

Ջերմուկի ոստիկանության ավագ տեսուչ Գ․ Թադեւոսյանը գտել է, որ հանրագիրը ստորագրած քաղաքացիները գիտակցաբար են իրենց անձնական տվյալները հասանելի դարձրել որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, եւ քանի որ ստորագրությունների թերթիկները պարունակում են հանրամատչելի տեղեկություններ, ապա «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից նման տեղեկության հավաքելը, պահելը կամ տարածելը չի կարող համարվել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության հավաքում, պահում կամ օգտագործում։ Այսինքն, տվյալ դեպքում հանցագործության դեպք տեղի չի ունեցել։

Չենք ուզում հիմա անդրադառնալ քրեական գործի հարուցման մերժման իրավաչափությանը, սակայն անհրաժեշտ ենք համարում այս դեպքի հետ կապված կատարել որոշ կարեւոր շեշտադրումներ․

1․ Ստացվում է, որ շուրջ 3000 մարդու անձնական տվյալներ՝ հատկապես հեռախոսահամարները, հայտնվել են շահագրգիռ մասնավոր ընկերության տիրապետության ներքո, ինչը մեր կարծիքով ուղղակի անթույլատրելի է։ Եթե օրենքներում կան բացեր, որոնք թույլ են տալիս նման բաներ, ապա պետք է դրանք վերացնել։

2․ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ջերմուկի համայնքապետարանի աշխատակիցը ծանոթանալու նպատակով տրամադրել ստորագրահավաքի թերթիկները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ ներկայացած քաղաքացիներին, ովքե՞ր են եղել այդ քաղաքացիները, իսկ մի գուցե՞ նրանք ոչ մի կապ չունեն այդ ընկերության հետ, եւ առավել եւս, ինչո՞ւ են նրանք առանձին սենյակում միայնակ դրանց ծանոթացել։

3. Հասկանալի չէ, թե Ջերմուկի համայնքապետարանում ո՞վ է կոնկրետ որոշում կայացրել տրամադրել այդ փաստաթղթերը, եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կոնկրետ ո՞ր դրույթի համաձայն է աշխատակիցը դրանք տրամադրել անհայտ մարդկանց՝ ծանոթանալու նպատակով։

4. Նաեւ հասկանալի չէ, թե ինչո՞ւ ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել պարզելու, թե ովքե՞ր են եղել այդ քաղաքացիներն ու բացի գրություն ուղարկելուց էլ ոչ մի բան չի արել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներին բացատրություն տալու ներկայանալու ուղղութամբ։

5. Եվ վերջապես ոչ մի բան չի արվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հայտարարության մեջ ակնհայտ կեղծ տեղեկությունների եւ Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշող փաստերի առկայության հիմքերով պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Ստացվում է, որ ինչ-որ մասնավոր ընկերության տնօրենի դիմումի հիման վրա, անհայտ քաղաքացիներ ձեռք են բերել 2923 մարդու անձնական տվյաները՝ ներառյալ հեռախոսահամարները, զանգահարել են այդ մարդկանց, արել են վերլուծություններ եւ իրենց կայքում հրապարակել ակնհայտ կեղծ եւ մանիպուլյացիաներ պարունակող տեղեկություններ։ Կարծում ենք, որ իրվապահ մարմինները լիարժեք չեն իրականացրել իրենց գործառույթները եւ պետք է ամեն դեպքում քրեական գործ հարուցեն այս դեպքի կապակցությամբ, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն էլ պետք է իր հերթին քննի եւ եզրակացություն տա, թե արդյո՞ք կարելի էր այդ տվյալները փոխանցել ինչ-որ մասնավոր ընկերության։

Հաշվի առնելով նաեւ մի քանի ամիս առաջ հարուցված քրեական գործով բացահայտված փաստերը, որոնք ապացուցեցին, որ «Լիդիան Արմենիայի» եւ նրա կապալառու ընկերությունների աշխատակիցներն ըստ էության զբաղվել են լրտեսությամբ եւ հանդես եկել կեղծ էջերով՝ մեկ անգամ եւս հասկանալի է դառնում, թե ինչպիսի գործելաոճ ունեցող կազմակերպության հետ գործ ունենք բոլորս։