ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հայկ Սարգսյանը դատարան է դիմել զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը եւ բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջով։

NEWS.am–ի հետ զրույցում Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի՝ մայիսի 14–ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»։

Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում։

Նա նշեց, որ իրենք ներկայումս այլ լրատվամիջոցների դեմ էլ են դատական հայցեր նախապատրաստում՝ կապված Հայկ Սարգսյանի վերաբերյալ այլ հրապարակումների հետ։

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն էլ NEWS.am–ից տեղեկացավ, որ իրենց թերթի դեմ դատական հայց է ներկայացվել։

Գալաջյանը նշեց, որ պատգամավորը նախքան հայցը հերքման պահանջ չի ներկայացրել խմբագրությանը, իսկ ինչ վերաբերվում է հրապարակմանը, ապա ըստ խմբագրի՝ հոդվածում տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին «Իրավունք» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր. «Ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով:

Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի՝ ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա: Իսկ դա, հաստատ, ոմանց հեչ ձեռք չէր տալիս:

Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը, եւ նա որոշել է հորը «փրկելու» համար, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Փուռը տալ Դավիթ Սանասարյանին»։