ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը։

Հունիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Նորա Կարապետյանի, դատավորներ Նաիրա Մարգարյան եւ Անի Մխիթարյանի մասնակցությամբ, մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 18-ի վճռի դեմ ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատական ակտը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի հայցը եւ պարտավորեցրել՝ «www.1in.xn--am-efa լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չի համապատասխանում եւ զրպարտություն է:

Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել էր հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու եւ տարածելու, ինչպես նաեւ նրա պատիվը եւ արժանապատվությունը արատավորելու համար:

Դատարանը մասնակի բավարարել էր նաեւ հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը:

Դատարանի այս վճռի դեմ էլ պատասխանող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որըեւ մերժվել է:

Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դեռեւս նախորդ տարի օգոստոսի 27-ին հայց էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ 2018թ․ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը:

Մասնավորապես` 2018 թ․ հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «1in.am» ինտերնետային կայքում եւ «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», 23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թ․՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը՝ Ռոբերտ Քոչարյան» եւ 28.06.2018 թ․՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:

Հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ հոդվածներում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ դատարանին խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում: