Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 18–ին  ժամը 16։00–ին։

Հիշեցնենք, որ այսօր գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։ Նրա միջնորդությանն այլ փաստարկներով միացան նաև գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները։

Դատավորին բացարկ հայտնելու հիմքն այս անգամ Արմեն Դանիելյանի կողմից «Մարտի 1»–ի գործով նախկինում կայացված որոշումներն են, որոնց մասին այսօր դատարանում բարձրաձայնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Վերջինս, մասնավորապես, նշել էր, որ փաստաբանի խոսքով՝ դատավոր Դանիելյանը որոշումներ է կայացրել «Մարտի մեկի» գործով անցնող Էդուարդ Աշուղյանի, Անդրանիկ Ղազարյանի, Գևորգ Մանուկյանի, Սասուն Միքայելյանի, Գեղամ Գրիգորյանի, Անդրանիկ Մանուկյանի, Աշոտ Զաքարյանի,  Իսահակ Մալխասյանի, Հայկ Գևորգյանի նկատմամբ, հետևաբար չի կարող այս գործով անկողմնակալ և անաչառ դատարան լինել։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ իր հերթին հաստատեց, որ դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացվել են մի շարք դատական ակտեր։ Մասնավորապես, այս դատավորը ժամանակին «Մարտի Մեկի» գործով մեղադրվող Սասուն Միքայելյանի վերաբերյալ կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ։

Օրբելյանը հայտարարեց, որ իրենք համոզմունք ունեն, որ այս գործով ցանկացած որոշման կայացում կասկածի տակ է դրվելու հանրության կողմից, ուստի միջնորդեցին դատավորին ինքնաբացարկ հայտնեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Արմեն Դանիելյանին՝ մակագրման հետ կապված։

Պաշտպանական կողմի համար կասկածելի էր այն հանգամանքը, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, եւ թե՛ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

Այս հիմքով սակայն դատավոր ԱՍրմեն Գրիգորյանը այսօր մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը։