Չինաստանի հետ կապերը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Բիշկեկում, հաղորդում է Mehr-ը:

Նա նշել է, որ Իրանը միշտ կատարել է իր պատրավորությունները Համատեղ միջոցառումների համապարփակ ծրագրում (ՀՄՀԾ)՝ հավելելով, որ Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների վրա ԱՄՆ-ի ճնշումն ուղղված է ամբողջ Ասիայում եւ աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանության հաստատմանը:

Ռոուհանին ավելացրել է, որ կան բազում հնարավորություններ Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար. «Հաշվի առնելով իր բացառիկ աշխարհագրական դիրքը՝ Իրանը պատրաստ է կարեւոր դեր խաղալ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունում: Իրանը պատրաստ է շարունակել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը Չինաստանի հետ եւ զարգացնել ենթակառուցվածքը վերջինիս հետ հաստատուն, ռազմավարական հարաբերությունների զարգացման համար»: Նա նշել է, որ Իրանը ողջունում է Իրանի հարավային շրջաններում եւ նավահանգիստներում նախագծերի մեջ Չինաստանի ներդրումը:

Իսկ նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինը կշարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ: Նշելով, որ միակողմանի մոտեցումը դարձել է սովորական երեւույթ ժամանակակից աշխարհում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը ՀՄՀԾ-ում տարածաշրջանում լարվածության աճի գլխավոր գործոնն է: