Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը համարում է, որ ամերիկյան զինվորականների հրապարակած տեսանյութը չի ապացուցում, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման պատասխանատուն Իրանն է, հաղորդում է Reuters-ը:

«Միայն տեսանյութը բավարար չէ: Իհարկե մենք կարող ենք հասկանալ՝ ինչ է երեւում դրանում, սակայն վերջնական գնահատման համար դա բավարար չէ»,-հայտարարել է Մաասը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին մեղադրել էր Իրանին նորվեգացիներին պատկանող Front Altair եւ ճապոնական Kokuka Courageous տանկերների վրա հարձակում գործելու մեջ՝ վկայակոչելով իր կողմից ստացված տեղեկատվությունը:

Նույն օրն ավելի ուշ ամերիկյան զինվորականները հրապարակել էին տեսանյութ, որում, ենթադրաբար, իրանցիները հեռացնում են չպայթած ականը Kokuka Courageous տանկերից: Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ նավը ԻՀՊԿ-ի պարեկային ծառայությանն է պատկանում:

Սակայն Kokuka-ի նավապետը վիճարկել է ԱՄՆ-ի պնդումը. «Մեր թիմն ասել է, որ նավի վրա հարձակվել է թռչող օբյեկտը»:

Նախօրեին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո երկու լցանավերում տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհներ. կատարվածի պատճառները ճշտվում են: Ճապոնական Kokuka Courageous լցանավի անձնակազմը տեղափոխվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Bainbridge ավիակիր նավում, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակամզին, որում եղել են նաեւ ռուսներ, իրանցի սահմանայինները տարհանել են դեպի իրենց Ջասկ նավահանգիստ: