Հարավային Կորեայի դատարանը թույլ չի տվել դավաճան տղամարդուն ամուսնալուծվել տիկնոջ հետ՝ հայտարարելով, որ ապահարզան կարող է պահանջել միայն տուժող կողմը:
Ինչպես հաղորդում է AFP-ը, ռեժիսոր Հոնգ Սանգ Սուն ամուսնալուծության համար հայց էր ներկայացրել 2016 թվականին, երբ դերասանուհի Կիմ Մին Հիի հետ նրա հարաբերությունները հայտնի էին դարձել հասարակության լայն շրջանակներին:
Սակայն նրա տիկինը համաձայնություն չէր տվել ամուսնալուծության համար, ինչը հանգեցրել էր մի քանի տարի տեւած դատավարության:
Ուրբաթ Սեուլի ընտանեկան հարցերով դատարանը մերժել էր Հոնգի միջնորդությունը:
Հարավային Կորեան շարունակում է մնալ պահպանողական հասարակություն, որտեղ մինչեւ 2015 թվականը արտամուսնական կապերի համար սպառնում էր ազատազրկում երկու տարի ժամկետով:
Ամուսնական դավաճանության մասին օրենքն ի սկզբանե ուղղված էր կանանց իրավունքների պաշտպանությանը: Նրանց մեծամասնությունը ֆինանսապես անկախ չէին, իսկ ամուսնալուծությունը լուրջ հետք էր թողնում հեղինակության վրա:
2015 թվականին երկրի բարձրագույն դատարանը հաստատել էր, որ միայն տուժող կողմը կարող է նախաձեռնել ապահարզանը: Դատավորները նշել էին, որ կանայք կլինեն առավել խոցելի, եթե դավաճան ամուսիններին թույլ տրվի ամուսնալուծվել առանց արդարացված բողոքի: