Գլոբալ տաքացման հետեւանքներից հաճախակի հիշատակվում են ավերիչ փոթորիկները, ջրհեղեղներն ու երաշտը: Սակայն մեզնից յուրաքանչյուրը դա կզգա նախ սնունդ գնելիս: Թե ո՞ր դելիկատեսներն առաջինը կանհետանան, պատմում է «Ուտեստի ճակատագիրը» գրքի հեղինակ Ամանդա Լիթլը, հաղորդում է Hightech+-ը:

Wired-ին տված հարցազրույցում նա պատմել է մեզ համար սովորական դարձած ուտելիքի, ԳՄՕ բույսերի եւ արհեստական մսի մասին: Նրա խոսքով՝ ապագայի տաք աշխարհում հենց սնունդը կդառնա կլիմայական փոփոխությունների առաջին զոհը: Եւ բոլորից շուտ կանհետանան կամ մի քանի անգամ կթանկանան մեր առօրյա փոքրիկ ուրախությունները՝ մեկ գավաթ սուրճը, ելակով տորսը կամ գարեջուրը:

Ըստ նրա՝ մարդիկ պարզապես չեն գիտակցում, թե որքան է մարդկությունը բարդացրել սննդի արտադրության գործըթնացը: Նա գտնում է, որ սկզբում կսկսվեն սննդարար եւ անուշահոտ պտուղների հետ կապված խնդիրները, որոնց հասունացման համար հաճախ անհրաժեշտ է հատուկ միկրոկլիմա: Սուրճն այդ շարքի գլխավոր օրինակներից մեկն է: Մյուս զոհերը կակաոն եւ ելակն են:

Իսկ բազմամյա բույսերի գոյատեւումն առհասարակ կվերածվի «գյուղատնտեսական վիճակահանության», նախազգուշացնում է նա: Օրինակ՝ ձիթապտղի ծառի համար հարկավոր է շուրջ վեց տարի առաջին պտուղները տալու համար: Այդ ժամանակահատվածում կլիման եւ հողը կարող են փոփոխվել: Եւ ոչ բոլոր ֆերմերները կցանկանան այդպիսի ռիսկային ջանքեր գործադրել:

Լիթլը գտնում է, որ ժամանակակից ԳՄՕ-բույսերը չեն փրկում ոլորտը, այլ հակառակը, քայքայում են էկոլոգիան: Այժմ ԱՄՆ-ում գլխավոր ԳՄՕ-կուլտուրան «Roundup Ready» պիտակով եգիպտացորենն է: