Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը 2011 թվականից այգու բաժնի աշխատակիցներին արգելել է կենդանիներ բազմացնել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողներին ասաց Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանը.

«Ռուբեն Խաչատրյանը երբ եկավ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն, այգին գնաց արհեստական սնանկացման: Ես ակվարիումի բաժնում եմ աշխատել, բոլոր օձերին, նույնիսկ Կամիր գրքում գրանցվածներին թույլ չտվեց բազմացնել: Այդ օձերն արդեն ծերացել են, ու կարծում եմ, որ չեն էլ բազմանա»,- ասաց նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ այգու նախկին տնօրենի հետ մեկ օձը 600 դոլարով են գնել Մոսկվայի կենդանաբանական այգուց.

«Տնօրենը բոլոր օձերին իրարից առանձնացնել էր տվել: Մենք 5 հազար ինկուբատոր ունեինք թռչնի համար: Թռչնի բոլոր ինկուբատորներում ունեցել ենք վերարտադրություն: Բոլոր ինկուբատորները հանեց տնօրենը, եւ թռչուններին թույլ չտվեց բազմանալ»:

«Ոսկեգույն փասիանը արժե 15 հազար դրամ, Ռուբենն ասուլիս է տալիս՝ ասում է՝ մենք փասիաններ ենք Եվրոպայից բերելու, իսկ մենք հարյուրներով փասիան էինք բազմացնում Երեւանի Կենդանաբանական այգում: Սա կոչվում է արհեստական սնանկացում»,- ասաց նախկին աշխատակիցը:

Նշենք, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով՝ հունիսի 7-ին այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց: Նրան մեղադրում էին մի շարք անօրինականությունների եւ կենդանիների սպանդ իրականցնելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու դիմաց կենդանասերները նույն պահանջով ակցիա իրականցրել էին: