ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը բանտում մի աչքը փակ է քնում, մյուսը՝ բաց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Տաթեւիկ Աղաջանյանը՝ բացատրելով դա վերջին ամիսներին Մուրմանսկի բանտում ադրբեջանցիների կալանավորների կտրուկ ավելացմամբ։

«Նոր բռնավորներ են տարել այնտեղ. լավ է՝ այնտեղ հայ տղա կա, նստում է տղայիս ոտքերի տակ, որ մի քանի ժամ կարողանա քնել։ Մինչեւ ե՞րբ կարող է այդպես շարունակվել»,– ասաց Արմանի մայրը։

Նրա խոսքով՝ ցավալի է, որ նման դեպք է եղել, բայց հիմա անհրաժեշտ է օր առաջ տեղափոխել Արմանին Հայաստան. բացի վրեժխնդրության վտանգից, Արմանը նաև առողջական խնդիրներ ունի։

 «Այդ փորձանքը եղել է արդեն. մենք կուզենք, որ մեր տղան իր հետագա պատիժը կրի հայրենիքում, ուրիշ ոչինչ չենք ուզում։ Մեղք են իր երեխաները, տանջվում են, տառապում են, անչափահաս տղա ունի. 4 ամիսը մեկ կինն է գնում տեսակցության, գոնե բերեն այստեղ բոլորս տեսնենք, իր տարիներն էլ թեթեւ անցնեն»,– ասաց տիկին Տաթեւիկը։

Արմանի որդու՝ Գուրգենի խոսքով՝ պատմությունն այսպես է սկսվել. «Մենք Սանկտ–Պետերբուրգում ունեցել ենք սրճարան, որտեղ պատերին փակցված են եղել մեր հերոսների լուսանկարները՝ Շառլ Ազնավուր, Ֆրունզիկ Մկրտչյան եւ այլն։ Այն եղել է ընտանեկան սրճարան։ Դեպքից մեկ ամիս առաջ եկել են մահացողի քրոջ որդին եւ ընկերները «մուղամ» են պատվիրել, բայց երաժիշտը չի կատարել եւ զանգել է հորս։ Հայրս ասել է՝ ոչ, քանի որ այն հայկական միջավայր է եւ ադրբեջանական «մուղամ» հնարավոր չէ՝ հնչի։ Նրանք սկսել են հայհոյել ազգին, պատռել են Շառլ Ազնավուրի նկարը, շատ վատ են իրենց պահել»։

Նրա խոսքով՝ մինչեւ հայրը հասել է սրճարան, ադրբեջացիներն այնտեղ չեն եղել, իսկ դրան հաջորդել է մահացողի այցը սրճարան։

«Գալիս, հայրիկիս է հարցնում, ասում են, որ այստեղ չի։ Էլի նույն ձեւ ինքն է սկսում հայհոյել. Սբխեչի օրը նստած ենք լինում, այդ ադրբեջանցին գալիս է ընկերուհու հետ, մտնում է ներս։ Մատուցողը հորս ասում է, որ այդ մարդն է եղել, որ նման բաներ է արել։ Էլի իրեն վատ է պահում, կանգնում է կաֆեի մեջ, հայհոյում է։ Դուրս է գալիս, որ նստի մեքենան, գնա, հայրս իր մեքենայով դիմացը փակում է, իջնում է մեքենայից, խփում է նրան, որից հետո նա մահանում է»– պատմեց Գուրգենը։

Նրա խոսքով՝ իր փոքր աղջկան հայրը, երբեք չի տեսել։

«Իր ծնվելու օրը իր պապիկին բռնել են»,– ասաց Գուրգենը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, Արման Առաքելյանի կրտսեր որդին՝ Գոռ Առաքելյանը, դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով՝ միջամտել, որ հորը արտահանձնեն Հայաստան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ առավոտյան կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել Արման Առաքելյանի հարազատները եւ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները, պահանջելով՝ իրականացնել Առաքելյանի արտահանձնումը Հայաստանին։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է արտահանձմանը, սակայն հայկական կողմն անհասկանալի պատճառներով չի նախաձեռնում այն։ Նրանց մոտեցել էր վարչապետի մամուլի խոսնակը, որը ասել էր, որ երկուշաբթի կպատասխանեն իրենց հարցերին։