ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապենիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումները:

Թրամփը շնորհակալություն է հայտնել Աբեին Իրանի հետ բանակցությունների անցկացմանը նպաստող նրա ջանքերի համար: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առեւտրային բանակցությունները եւ Թրամփի առաջիկա այցը Ճապոնիա «Մեծ Քսանի» գագաթնաժողովի շրջանակներում:

Նախօրեին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո երկու լցանավերում տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհներ. կատարվածի պատճառները ճշտվում են: Ճապոնական Kokuka Courageous լցանավի անձնակազմը տեղափոխվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Bainbridge ավիակիր նավում, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակամզին, որում եղել են նաեւ ռուսներ, իրանցի սահմանայինները տարհանել են դեպի իրենց Ջասկ նավահանգիստ:

Նշենք, որ նախօրեին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Համենեին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ մերժել է բանակցությունների մասին Թրամփի առաջարկը: Աբեն հաղորդել էր Համենեին Ամերիկայի առաջնորդի ուղերձը, սակայն Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել էր, որ Թրամփն արժանի չէ: Նա բացառել էր «Թրամփի նման մարդու հետ» բանակցությունների հավանականությունը:

Աբեի եւ Համենեիի հետ հանդիպումից մի քանի ժամ անց Թրամփը թվիթերյան գրառում էր կատարել, որ ԱՄՆ-ը եւ Իրանը պատրաստ չեն գործարք կնքել: