ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը պահանջել է հետաքննություն, որի նպատակն է հայտնաբերել Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումների շարքի համար պատասխանատու անձանց:

Երբ Միացյալ Նահանգները մեղադրել է Իրանին հարձակումները կատարելու մեջ, իսկ Թեհրանը հերքել է մեղադրանքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ենթադրել է, որ անկախ կազմակերպությունը կարող է հետաքննություն անցկացնել: «Շատ կարեւոր է իմանալ ճշմարտությունը»,-Գուտերիշն ասել է լրագրողներին, հաղորդում է AFP-ը:

«Ակներեւ է, որ դա կարող է իրականացվել միայն անկախ կազմակերպության կողմից, որը կստուգի փաստերը»,-ասել է նա:

Ընդ որում՝ Գուտերիշը նշել է, որ չունի լիազորություններ այդպիսի հետաքննություն անցկացնելու համար՝ հավելելով, որ դա Անվտանգության խորհրդի լիազորություններից է:

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ՄԱԿ-ի քաղաքական ղեկավար Ռոզմարի Դի Կարլոն քննարկել է Պարսից ծոցում ճգնաժամը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ հանդիպման շրջանակներում:

Նախօրեին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո երկու լցանավերում տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհներ. կատարվածի պատճառները ճշտվում են: Ճապոնական Kokuka Courageous լցանավի անձնակազմը տեղափոխվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Bainbridge ավիակիր նավում, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակամզին, որում եղել են նաեւ ռուսներ, իրանցի սահմանայինները տարհանել են դեպի իրենց Ջասկ նավահանգիստ: ԱՄՆ-ը մեղադրել էր տեղի ունեցածում Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: