Հանրաճանաչ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը տեղափոխվել է ամերիկյան հոսպիտալ փարիզյան արվարձան Նեյի սյուր Սենում միգրենի նոպայի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFM հեռուստաալիքին:

83-ամյա դերասանի մտերիմները հավաստիացրել են, որ նրա հետ ամեն ինչ լավ է եւ կինոաստղը դուրս կգրվի բուժհաստատությունից հունիսի 14-ի երեկոյան: «Նա պարզապես հետազոտվում է»,-հեռուստաալիքը մեջբերում է նրա օգնականի խոսքերը: Հաճախակի դարձած գլխացավերի պատճառներից մեկը, ըստ բժիշկների, սրտի առիթմիան է:

2017 թվականին Ալեն Դելոնը հայտարարել էր կինոյում իր դերասանական կարիերայի ավարտի մասին: Նա նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում: Մայիսին կայացած Կաննի կինոփառատոնի ժամանակ նա պարգեւատրվել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղով» կինոարվեստում ականավոր կարիերայի համար: