Անցյալ տարվա սեպտեմբերին ընտրարշավի ժամանակ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վրա դանակով հարձակված տղամարդը դատարանի որոշմամբ հոգեկան հիվանդ է ճանաչվել եւ արդարացվել, հայտնում է BBC News-ը: 

Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ նախագահի վրա հարձակված Ադելիո Բիսպո դե Օլիվեյրային չի կարելի դատել, քանի որ իր գործողությունները չի կառավարել, եզրակացրել է դաշնային դատավորը:

Ընդ որում՝ դատավորը հայտարարել է, որ Օլիվեյրան վտանգ է ներկայացնում եւ անորոշ ժամանակով նրան հսկողության տակ պահելու որոշում է կայացրել, մինչ կստանա համապատասխան բուժում:

Բոլսոնարուն հայտարարել է, որ վերաքննիչ բողոք կներկայացնի:

«Ես կկապվեմ իմ իրավաբանի հետ: Հնարավոր ամեն ինչ կանեմ»,- լրագրողներին ասել է նա:

Նախագահը, որը հարձակումից հետո ծանր վիրահատության է ենթարկվել, կարծում է, որ իր դեմ մահափորձը քաղաքական դրդապատճառով էր:

«Նրանք փորձել են ինձ սպանել: Ես վստահ եմ ովքեր են, բայց չեմ կարող որեւէ մեկին մեղադրել: Սա նախագահի թեկնածուի դեմ կատարված հանցագործություն է, որը հիմա մանդատ ունի, եւ մենք պետք է հանգենք իրավիճակի վերջնական հանգուցալուծման»,- ասել է Ժաիր Բոլսոնարուն:

Վճիռը հրապարակվել է դե Օլիվեյրային հոգեբուժարան ուղակելու դատավորի որոշումից հետո մի քանի շաբաթ անց:

64-ամյա Ժաիր Բոլսոնարուն անցյալ տարվա սեպտեմբերին նախընտրական արշավի ժամանակ աղիքների շրջանում ստացել էր խորը, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ եւ որովայնին դանակի հարվածի հետեւանքով կորցրել արյան 40 տոկոսը: