Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին, հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանը:

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ Իջեւան քաղաքում, վիչաբանությունից հետո Իջեւանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա:

«Գրիգոր Սարհատյանը այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, նրա վիճակը կայուն է»,- ասաց մարզպետը` նշելով, որ ինքը չի  ցանկանում գնահատականներ տալ կատարվածին, իրավապահները կպարզեն հանգամանքները:

Դեպքի առնչությամբ, ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1984թ. ծնված Լուսահովիտ գյուղի մի բնակիչ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: