Ոստիկանությունը հայտնել է ԱՄՆ Արքանզաս նահանգի բնակիչ 48-ամյա Ռեբեկա Լին Օ՛Դոնելին կալանավորելու մասին՝ կապված նախկին սենատոր 57-ամյա Լինդա Քոլինզի սպանության հետ, հայտնում է Associated Press-ը: 

Ոստիկանությունից նշել են, որ կալանավորին դեռեւս մեղադրանքներ չեն առաջադրվել, եւ չեն հայտնել սպանության հետ կապված այլ կասկածյալներ արդյոք որոնվում են:

57-ամյա Քոլինզին մահացած են գտել հունիսի 4-ին, Լիթլ Ռոքից 210 կմ հյուսիս-արեւելք գտնվող Փոքահոնտասի իր տան բակում:

Գործակալությունը նշում է, որ կասկածյալի կալանավորման հետ կապված բոլոր հարցերում ոստիկանները խորհրդավոր լռություն են պահպանում. իրավապահ մարմինների ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել Օ՛Դոնելի կալանավորման փաստը, դրանից բացի՝ իրավապահները չգիտեն, թե արդյոք նա կկանգնի դատարանի առաջ:

Ոստիկանությունը գրեթե ոչ մի մանրամասն չի ներկայացրել նախկին սենատորի մահվան հանգամանքների վերաբերյալ: Միայն հայտնի է, որ նրա մահը բռնի է եղել:

Սենատորի նախկին մամուլի քարտուղար Քեն Յանգը հայտնել է, որ կասկածյալը աշխատել է սենատորի մոտ, երբ նա անադամակցում էր Դեմոկրատական կուսակցությանը: Քոլինզը, սակայն, 2011 թվականին անդամակցել է Հանրապետական կուսակցությանը եւ 2014 թվականին սենատոր է ընտրվել: Քոլինզն անցյալ տարի ամուսնալուծվել էր ամուսնուց, եւ նա ունեցվածքի, այդ թվում՝ մոթելի բաժանման փուլում էր:

Սպանվածի երեխաները եւ հայրը խորապես ցնցված են ու պահանջում են այս գործի բազմակողմանի քննություն: Քոլինզը կհուղարկավորվի երկուշաբթի: