Սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, եւ մենք չգիտենք՝ ինչպես պետք է մեզ պահենք:  Այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններում առկա խնդիրներին: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ Հայաստանի հարաբերություններն անորոշ են դարձել:

«Խնդիրները ոչ միայն չեն լուծվել արտաքին հարաբերություններում, այլ նաեւ սրվել են: Անորոշ են մեր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության հետ: Արտաքին քաղաքական ոլորտում մենք ունենք բազմաթիվ անորոշ հարաբերություններ: Սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները,եւ մենք չգիտենք՝ ինչպես պետք է մեզ պահենք»,- ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունները չեն նպաստում վարչական համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ ստեղծվել են գերնախարարություններ, և հիմա առաջանում է նախարարությունների կառավարման խնդիր:

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումների ծրագրին՝ Գասպարյանն ասաց, որ իշխող ուժը դատական համակարգի բարեփոխումների հստակ հայեցակարգ չի ներկայացրել. «Սկսե՞լ են բարեփոխումները: 1 տարի ունենալով  գործադիր իշխանություն, և ահագին ժամանակ ունենալով օրենսդիր իշխանության նկատմամբ լիակատար վերահսկողության՝ իշխող ուժը, կարծես թե, դատական բարեփոխումների հստակ հայեցակարգ չի ներկայացրել: Դատաիրավական համակարգը բավականին բարդ համակարգ է, եւ վիրահատական միջամտությունն անհնար է: Չի կարելի իշխանության թեւը հանել մյուսի դեմ: Իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը դուրս եկան դատական իշխանության դեմ, որը անթույլատրելի պրակտիկա էր»:

Գասպարյանի խոսքով՝ Հայաստանի ներքին հարաբերություններում միտումնավոր բաժանարար գծեր են խորացվում. «Օրինակ՝ երեւանցի-ստեփանակերտցի, սեւեր-սպիտակներ, դա շատ վատ հետեւանք է ունենալու հասարակության շրջանում: Սևազգեստների թեման էլ այդ դրսևորումներից մեկն է»:

Նա բաժանարար գծեր տանելու փաստի նպատակը կապեց նեոբոլշեւիկյան քաղաքականության հետ. «Հեղափոխականության մեջ անպայման պետք է լինեն ներքին թշնամիներ, և պարբերաբար, ներքին թշնամիներին պետք է գտնել, տարանջատել և պատժել:

Սա նեոբոլշեւիկյան քաղաքականություն է, եւ իրենք շուտով կկոչվեն հակահեղափոխականներ, ժողովրդի թշնամիներ: Արդեն օրենքի նախագիծ են շրջանառում, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի վիրավորելը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյան արդեն առանձին կատեգորիա է դառնում մարդկանց համար: Մենք կամաց-կամաց գնում ենք Լենինի, Ստալիինի չափանիշներին: Շուտով կհորինեն ժողովրդի առաջնորդ, ու կհասնենք դրան: Սև ու սպիտակներն էլ, պատերին ծեփելն էլ, նույն տրամաբանության մեջ է: Նորմալ քաղաքական բովանդակության փոխարեն շոուներ են կազմակերպում»: