Վաղը կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ կընտրվի կուսակցության նոր վարչությունն ու նոր վերահսկող հանձնաժողովը։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա հեղափոխությունից հետո կուսակցության առաջին համաժողովն է եւ համոզված եմ, որ այն նոր օրակարգ ու լիցք է տալու հեղափոխությանը։

Հեղափոխությունը ոչ միայն դեռ չի ավարտվել, այլ շատ օղակների նույնիսկ չի էլ հասել։ Մենք չպետք է թույլ տանք, որ պաշտոնական առօրյան ամբողջությամբ կլանի մեր ուշադրությունն ու հետին պլան մղի արժեքային հեղափոխության հրամայականը, փոխարինի վերջինը լինելու պատրաստակամությունը առաջինը լինելու ցանկությամբ։

Հեղափոխության շարունակականությունն ու ընդգրկվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին կուսակցականներն ու հատկապես պետական պաշտոնյաները դրսեւորեն վճռականություն, համբերատարություն, զսպվածություն եւ անձնուրացություն, ու ամեն օր եւս մեկ քայլ անենք հեղափոխության անդառնալիության ուղղությամբ։

Իզմ-երի մասին․ պետք չէ վախենալ իզմ-երից, իզմ-ը սովորական վերջածանց է, որն իրենով որեւէ իմաստ չի արտահայտում, այլ այն վերցնում է իրեն նախորդող բառարմատից։ Սա նախ եւ առաջ ժողովրդական հեղափոխություն էր, այստեղից բխող բոլոր իզմ-երով։ Հեղափոխությունը պե՛տք է ունենա, եւ տվյալ դեպքում ունի՛ բովանդակություն ու դրանից բխող գաղափարախոսություն․ եկել է այդ գաղափարախոսությունը բյուրեղացնելու ժամանակը»: