Թաիլանդում ձերբակալվել է իտալացին, որը ներկայանում էր որպես հոլիվուդյան սուպերաստղ Ջորջ Քլունին Համացանցում հագուստ վաճառելու համար, հաղորդում է AFP-ը:

58-ամյա Ֆրանչեսկո Գալդելին եւ նրա տիկին Վանյա Գոֆին ձերբակալվել են Պատայայի արվարձանում գտնվող տանը Թաիլանդի եւ Իտալիայի համատեղ գործողությունների արդյունքում:

«Հարցաքննության ժամանակ Ֆրանչեսկոն խոստովանել է, որ ներկայացել էր որպես Ջորջ Քլունին եւ ստեղծել հագուստի վաճառքով զբաղվող բիզնես, որպեսզի խաբեությամբ ստիպի մարդկանց գումար ուղարկել»,-ասվում է Թաիլանդի՝ հանցագործության դեմ պայքարի բաժնի հայտարարության մեջ:

Ամուսնական զույգը նաեւ հետախուզվում էր Իտալիայում բազմաթիվ մեքենայություններ կատարելու համար, այդ թվում՝ Համացանցում կեղծ Rolex ժամացույցի վաճառքը: Երբեմն նրանք ծաղրում էին իրենց զոհերին՝ ուղարկելով աղով փաթեթներ ժամացույցի փոխարեն:

Նրանց հանցագործությունների հետեւանքով ամուսիններին սկսել են անվանել իտալական «Բոնի եւ Կլայդ» Մեծ դեպրեսիայի շրջանում բանկերի կողոպուտով զբաղվող ամերիկյան զույգի պատվին:

Իտալացի զույցի դեմ գործը հարուցվել էր մի քանի տարի առաջ, երբ Միլանում իրական Ջորջ Քլունին հայտարարել էր, որ զույգը խաբեությամբ օգտագործել է նրա անունը նորաձեւ հագուստ վաճառելու համար: