ԵՄ-ն առավելագույն զսպվածության կոչ է անմում Օմանի ծոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք առավելագույն զսպվածության կոչ ենք արել: Կարծում եմ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերում իմաստուն միտք կա, որ աշխարհը չի կարող իրեն հերթական ճգնաժամը թույլ տալ: Իհարկե, մենք կքննարկենք դա նախարարների հետ», - Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին հարաբերությունների հարցով խորհրդակցության մեկնարկից առաջ լրագրողներին ասել է նա:

Ավելի վաղ Օմանի ծոցում հարձակման էին ենթարկվել Altair եւ Kokuka Courageous նավերը: Պայթյուններից եւ հրդեհից հետո երկու անձնակազմերը տարհանվել էին Իրանի տարածք: Front Altair-ում 11 ռուսաստանցի կար, նրանցից ոչ ոք չի տուժել:

ԱՄՆ-ն  Իրանին մեղադրել է լցանավերի վրա հարձակման մեջ: ԱՄՆ-ի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի, իրանցի  զինվորականները Օմանի ծոցում տուժած նավից հանում են չպայթած ականը: Հրապարակված ցածրորակ, սեւ եւ սպիտակ տեսանյութը ցույց է տալիս ինչ-որ լցանավի  կողքին ինչ-որ կատեր, գրությունները եւ դրոշները անհասկանալի են: