Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել հարկային մարմնի հետ և ստանալ իրենց գործունեության ռիսկերի վերաբերյալ ծանուցումներ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարների 75.5%-ը ողջունում է սպասարկման ծառայությունների առանձնացումը հարկային ստուգումների գործառույթներից: Հետազոտությանը մասնակցած հարկ վճարողների 98.1%-ը օգտակար է գնահատում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, իսկ 96.1%-ը` էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացին համահունչ հարկ վճարողների 85.3%-ը ցանկանում է հետագայում հարկային մարմնից ծառայություններ ստանալ նաև բջջային հավելվածների միջոցով:  2016թ. կատարված հետազոտության արդյունքների համեմատ 2018թ. հետազոտության ցուցանիշները ցույց են տալիս հարկ վճարողների կողմից հարկային վարչարարության ընկալման զգալի բարելավում: Գործարարների 72.7%-ի կարծիքով ՊԵԿ ծառայողների պահվածքը փոխվել է դրականորեն: Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները հուշում են նաև այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Մասնավորապես` օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստացել է հարցվածների միայն 13.5%-ը, ինչը, ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Հրաչյա Մկրտչյանի կարծիքով, հուշում է օրինապահ տնտեսվարողների խրախուսման մեխանիզմների ընդլայնման անհրաժեշտության մասին. «Նման հետազոտությունները կարևոր են` հետադարձ կապի միջոցով հարկ վճարողների կարծիքը ՊԵԿ-ի աշխատանքի մասին իմանալու համար: Ուստի, հետազոտությունները պարբերաբար են լինելու` հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները կատարելագործելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով»:

Բիզնեսի հետ փոխհարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը, տեսակները, ժամկետները և տրամադրման ձևերը: Հարկ վճարողը հրապարակված ծառայությունների ամբողջական ցանկից հեշտությամբ կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, հարկային մարմնի հետ առնչվելիս` ծանոթանալ իր իրավունքներին և պլանավորել ժամանակը: Հարկային մարմինը շարունակելու է վերափոխվել և ապահովել իր աշխատանքի առավել կանխատեսելիությունն ու թափանցիկությունը: