ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Ֆրանսիայի վարչական դատարանի Սերժի Պոնտուազ համայնքի գործերով Առնուվիլ քաղաքի եւ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ հռչակագրի չեղարկման  մասին որոշումը: 

Հունիսի 17-ին արտաքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Դիվանագիտական ծառայության» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

Ըստ պաշտոնյայի՝ դա ինչ-որ մեկի մասնավոր նախաձեռնությունն է եւ դատական դեմարշ:

«Սակայն այն հասարակական պահանջարկ չունի: Չեմ կարծում, որ դա որեւէ կերպ կազդի Ֆրանսիայում Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի վրա:

Ես անձամբ համոզված եմ, որ դա չի կանգնեցնի  կողմերի միջեւ ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը, իսկ քույր քաղաքները կշարունակեն ամրապնդել իրենց փոխհարաբերություբնները», - ասաց փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները եւ ֆրանսիացի քաղաքական գործիչները բողոքում են նման որոշման դեմ եւ այդ կապակցությամբ Հայաստանի Կառավարությանը պետք չէ որեւէ գործողություն ձեռնարկել: