Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիական ազգային բանակի կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գրավման դեպքում  կձեւավորվի նոր կառավարություն, որի կազմը կառաջարկվի խորհրդարանի հաստատմանը, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պատգամավորների պալատի ղեկավարի խորհրդական Աբդել Քերիմ ալ Մարյամին։

«Կձեւավորվի ազգային միասնության կառավարություն, որի մեջ կմտնեն լիբիական հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Կառավարության կազմը կառաջարկվի խորհրդարանի հաստատմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ «Ապագա կառավարության գլխավոր խնդիրը կդառնա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պատրաստությունը»,- հավելել է նա։

Լիբիայի ընտրված խորհրդարանի մեծ մասը գտնվում է երկրի արեւելքում եւ աջակցում է Հաֆթարի ուժերին, որոնք արդեն ավելի քան երկու ամիս փորձում են իրենց հսկողության տակ վերցնել երկրի արեւմուտքում գտնվող մայրաքաղաք Տրիպոլին։ Մայրաքաղաքում նախկինի պես աշխատում է Ֆայեզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ), որը ձեւավորվել է Մարոկոյի Սհերաթում 2015-ին տեղի ունեցած միջազգային համաժողովի արդյունքներով։ Բայց Սարաջի կառավարությունը փաստացի կորցրել է երկրի մեծ մասի հանդեպ վերահսկողությունը։

Ալ Մարյամին պարզաբանել է, որ  Տրիպոլիի համար ճակատամարտի ավարտից հետո «վերջ կդրվի Սհերաթում ստորագրված համաձայնագրին», որը հիմք է դարձել Տրիպոլիում գործող կառավարության ձեւավորման համար։ Հետագայում, ըստ նրա, աշխատանքը կվարվի Սահմանադրական հռչակագրի հիման վրա, որն ընդունվել է դեռեւս 2011-ին։

«Սարաջի կառավարության հետ բանակցություններն իմաստ չունեն։ Գլխավոր խնդիրն այժմ մայրաքաղաքը ահաբեկչական խմբավորումներից ազատելն է։ Տրիպոլիի ազատագրումից հետո ամեն բան կավարտվի։ Կա սահմանադրական հռչակագիր, որը կարգավորում է իշխանության բաշխումը։ Իշխանական մարմինները կձեւավորվեն ընտրությունների միջոցով»,- ասել է ալ Մարյամին։

Նրա կարծիքով՝ Սարաջի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը «լեգիտիմ չէ, քանի որ չի ստացել լիբիական խորհրդարանի քվեն»։ «Ապագան Տրիպոլիի համար ճակատամարտինն է՝ լիբիացիների ձեռքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել է սկսել հարձակումը Տրիպոլիի դեմ՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու համար»։ Կառավարությանը լոյալ զինված կազմավորումները մայրաքաղաքում հայտարարել են «Ցասման հրաբուխ» պատասխան գործողությունն սկսելու մասին։ Ներկայում Տրիպոլիի շրջանում շարունակվում են դիրքային մարտերը։ Հակամարտության երկու կողմերը հաղորդում են ռազմական հաջողությունների մասին։