Կինոյի ոլորտում օրենսդրական կարգավորումն ուղղված է Հայաստանում կինոարդյունաբերության զարգացմանը, սկսած արտադրությունից մինչեւ տարածումը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում «Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների» վերաբերյալ լսումների ժամանակ, որը նախաձեռնել էր Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, հունիսի 17-ին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորման նպատակն է նաեւ կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական կառավարման մարմինների բոլոր գործառույթների սահմանումը, պետական բյուջեից ֆինանսական ռեսուրսների հատկացումն ու ծախսումը մշակութային ժառանգության ամենամյա պետական աջակցության ապահովման համար եւ այլ հարցեր։

Նա նշեց, որ ամրագրված մեխանիզմների օգնությամբ կինոարդյունաբերության պետական աջակցությունն ավելի լավ կկարգավորվի օրենսդրությամբ՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերն ու սխեմաները։