Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները նշել են, որ Հայաստանն ամրապնդել է նորմատիվ-իրավական դաշտը միջուկային եւ ճառագայթային անվտանգության ոլորտում, բայց դեռ բախվում է խնդիրների, ներառյալ որակյալ եւ փորձառու աշխատակիցների պակասը կարգավորող մարմնում։ Այս մասին ասվում է ԱԷՄԳ կայքում՝ Օրենսդրության վերանայման ինտեգրված ծառայության (IRRS) թիմի յոթնօրյա առաքելության արդյունքներով, որը դիտարկել էր 2015-ին IRRS-ի նախնական առաքելության ընթացքում տրված հանձնարարականների եւ առաջարկությունների կատարումը Հայաստանի կողմից։

Առաքելությունն իրականացվել էր Հայաստանի կառավարության խնդրանքով եւ կազմակերպվել Հայաստանի ատոմային կարգավորման գործակալության կողմից (ANRA)։

«Հայաստանն էական առաջընթացի է հասել անվտանգության քաղաքականության եւ ռազմավարության մշակման գործում։ Այնուամենայնիվ, կարգավորողը բախվում է կրիտիկական իրավիճակի՝ կապված մարդկային ռեսուրսների հետ։ ANRA-ն եւ նրա տեխնիկական եւ օժանդակ կազմակերպությունը՝ Միջուկային եւ ճառագայթային անվտանգության կենտրոնը (NRSC), ֆինանսապես մրցունակ չեն ՀԱԷԿ-ի համեմատ։ Անհրաժեշտ է շտապ զբաղվել այդ հարցով»,- նշել է IRRS խմբի ղեկավար, Շվեյցարիայի միջուկային անվտանգության դաշնային տեսչության գլխավոր տնօրեն Հանս Վաները։

Խումբը հայտնաբերել է, որ Հայաստանը 2015 թվականից առաջընթաց քայլ է կատարել՝ ընդունելով օգտագործված վառելիքի եւ ռադիոակտիվ մնացուկների մշակման ռազմավարությունը եւ ուժեղացնելով տեսչությունը՝ կապված վթարային պատրաստվածության եւ արձագանքման հետ։ Թիմն ընդունել է, որ ANRA-ն բախվում է բազմաթիվ խնդիրների միջուկային անվտանգության կարգավորման հարցում, ներառյալ Եվրամիության սթրես-թեստերի անցկացումը ԱԷԿ-ի վերաբերյալ։

«Ընթացիկ խնդիրների համատեքստում՝ կապված Հայկական ԱԷԿ-ի երկարաժամկետ օգտագործման հետ, IRRS առաքելության արած եզրակացությունները անվտանգության ապահովման գործում խիստ արդիական են»,- ասել է ԱԷՄԳ Միջուկային սարքերի անվտանգության բաժնի տնօրեն Գրեգ Ռզենտկովսկին։