Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գեւորգյանն այցելեց Սիրիայի հյուսիս-արեւմտյան շրջաններ: Դեսպան Գեւորգյանը եղավ Լաթաքիայում եւ հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների եւ հայ համայնքի հետ:

Հունիսի 12-ին Տիգրան Գեւորգյանին ընդունեց Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկեցին մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձան Լաթաքիայի նահանգում բնակվող հայկական համայնքի խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին:

Նահանգապետը բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնեց, որ հայությունը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Իր հերթին դեսպան Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նահանգային ղեկավարությանը հայ համայնքի եւ, մասնավորապես, քեսաբահայության նկատմամբ ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանը եւ Լաթաքիայի նահանգապետը պայմանավորվեցին պարբերաբար նման հանդիպումներ ունենալ:

Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները: Քննարկվեց նաեւ համահայկական 7-րդ խաղերին սիրիահայ մարզիկների հնարավոր մասնակցության հարցը:         

Հունիսի 15-ին դեսպան Գեւորգյանն այցելեց հայաբնակ Քեսաբ, որտեղ հանդիպումներ ունեցավ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի եւ համայնքի հետ, ինչպես նաեւ եղավ Քեսաբի հայկական եկեղեցիներում:

ՀՀ դեսպանը քեսաբահայերից տեղեկացավ համայնքի առջեւ ծառացած խնդիրների մասին եւ քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Տիգրան Գեւորգյանի հետ առանձնազրույցի ընթացքում Վազգեն Չափարյանը ներկայացրեց հայ համայնքին առնչվող արդի մարտահրավերները` մտահոգություն հայտնելով պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների կապակցությամբ: