Առաջադրված օրինագծի համաձայն՝ Հայաստանում խաղատների գործունեության հսկողությունը կխստացվի։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի, ինչպես նաեւ «Վիճակախաղերի, ինտերնետ վիճակախաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 17-ին ասաց կառավարող «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանափակել ոչ միայն խաղատների մասին գովազդի ժամանակն ու տեղը, այլեւ բովանդակությունը։ «Հոլովակներում կարելի չի լինի տպավորություն ստեղծել, որ մոլախաղը կարող է ապահովել քաղցր կյանք, այսինքն՝ մշտական կամ երաշխավորված եկամուտ»,- պարզաբանել է պատգամավորը։

Ընդ որում, ինչպես նշել է Հակոբյանը, խաղատնում խաղալը չի կարելի ներկայացնել նաեւ որպես ինքնահաստատման միջոց։ Բացի այդ, չի կարելի ներշնչել, որ խաղի օգնությամբ կարելի է կայանալ հասարակությունում, այդ թվում եւ պրոֆեսիոնալ իմաստով։

Խորհրդարանականը տեղեկացրել է, որ հեռուստատեսությամբ խաղատան գովազդը առաջարկվում է սահմանափակել 22.00-ից 07.00-ի միջակայքում։ «Այդ ամբողջ ժամերին մեկ խաղատան գովազդը չպետք է գերազանցի երեք րոպեն։ Ինչ վերաբերում է առցանց գովազդին, ապա դրա բաներները լրատվական կայքերում չպետք է գերազանցեն մակերեսի 20 տոկոսը, իսկ մանկապատանեկան կրթական եւ բժշկական կայքերում նման գովազդն ընդհանրապես կարգելվի»,- ասել է Հակոբյանը։

Բացի դրանից, ինչպես նշել է կառավարող կուսակցության պատգամավորը, խաղատան, մոլախաղերի գրավադրման միջոցների ցանկացած գովազդից առաջ պետք է նախազգուշացում լինի. «Մասնակցությունը խաղին նյութական ռիսկեր է պարունակում»։ Այս կանոնների խախտման համար առաջարկվում է սահմանել տուգանք՝ մեկ միլիոն դրամ։

Նշենք, որ օրինագիծը դրական եզրակացություն է ստացել։