Ակնդետ հետեւում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արդյո՞ք մենք պատրաստ ենք:

Ակնդետ հետեւում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թեւակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաեւ Հայաստանին եւ Արցախին:

Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը եւ հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար:

Խնդրի կարեւորությունը չի սահմանափակվում միայն այն հանգամանքով, որ Իրանը բարեկամ երկիր է եւ դեպի արտաքին աշխարհ մեր պատուհաններից մեկը: Իրանի գլոբալ գեոպոլիտիկ կշիռը շատ ավելի մեծ է, եւ ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով:

Մասնավորապես, ակնհայտ է, որ Իրանի ներգրավմամբ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծվող խառնաշփոթից եւ Արցախյան ճակատում դիմել ռազմական ավանտյուրայի: Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել:

Այս համատեքստում ինձ շատ է մտահոգում, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները հաշվարկում են համապատասխան ռիսկերը: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը մշակում է իրավիճակին արձագանքելու պլաններ: Արդյո՞ք մեր Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն ունեն ռազմավարություններ այս առնչությամբ:

Կարծում եմ, հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձեւաչափով քննարկել այս հարցերը»,–նշել է նա: