Առաջարկվում է իջեցնել գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքերը, որոնք նախատեսված են Հարկային օրենսգրքի օրենսդրական փոփոխությունների փաթեթով, եւ բարձրացնել բանկերի պետտուրքը։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 17-ին ասաց հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունների առաջարկվող փաթեթով ստացվում է, որ հիմնական բեռն ընկնում է գրավատների եւ փոխանակման կետերի վրա, իսկ բանկերի բեռը նույնպես ավելանում է, բայց ոչ այդ աստիճան։ «Առեւտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը վերջին 10 տարում 361 մլրդ դրամից հասել է 3,2 տրիլիոնի։ Ունիվերսալ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 53 մլրդ դրամից հասել է 368 մլրդ դրամի, իսկ գրավատների տրամադրածների ծավալն ավելացել է եւ հասել 15,1 մլրդ դրամի, ինչից հետո վերջին տարիներին կրճատվել է եւ տատանվում է 8 մլրդ դրամի սահմաններում։ Հիմա այդ ոլորտը չի կարող դիմակայել շուկային։ Ես հասկանում եմ, որ կան խնդիրներ՝ կապված վերահսկողության հետ, բայց դրանք չեն կարող լինել հարկային փոփոխությունների գլխավոր գործոնը։ Այդ փոփոխությունների արդյունքում մենք կունենանք միայն կուտակման խորացում այդ շուկայում եւ դրամական հոսքերի շարժ այդ սեկտորից բանկային սեկտոր։ Մենք առաջարկում ենք բարձրացնել առեւտրային բանկերի պետտուրքը, բարձրացնել մասնաճյուղերի պետտուրքը, եւ մի փոքր իջեցնել այն փոխանակման կետերի եւ գրավատների համար»,- պարզաբանել է իշխանությունների ներկայացուցիչը՝ մեղմելով դիրքորոշումը բողոքի գործողություններից հետո։

Նա նաեւ նշել է, որ  սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո Կենտրոնական բանկն առաջարկում է սահմանել պետտուրք 750 հազար դրամի չափով բանկերի մասնաճյուղերի համար, մտցնել 1,5 մլն դրամի պետտուրք գրավատների համար, հետո՝ 2 մլն։ Փոխանակման կետերի համար առաջին տարում առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ, իսկ հետո՝ 1 մլն դրամ։ «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը նախատեսում էր ամենամյա պետտուրքը գրավատներից  բարձրացնել 100 հազար դրամից 6 մլն դրամի, իսկ փոխանակման կետերինը՝ 50 հազար դրամից 3 միլիոն դրամի»,- հիշեցրել է Բաբկեն Թունյանը։