Գյանջայում մասնավոր տներից մեկի վրա հինգ օր առաջ արկ է ընկել ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է contact.az-ը՝ հղում կատարելով «Ազադլիգ» թերթի՝ Ֆրանսիայում քաղտարագրության մեջ գտնվող գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդին։

Նրա տվյալներով՝ այդ արկն արձակվել է ուսումնական հրաձգության ժամանակ, Աղստաֆայի շրջանի կողմից։ Արկն ընկել է մասնավոր տներից մեկի վրա՝ ծակելով տանիքն ու առաստաղը։

Ինչպես Turan-ին հայտնի է դարձել Գյանջայում ունեցած աղբյուրներից, ոչ ոք չի տուժել։ Զինվորական դատախազությունը քննություն է վարում։

Turan գործակալությունը մեկնաբանությունների համար դիմել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն, որտեղ նրան խնդրել են հարցը գրավոր ուղարկել։ Բայց երկուշաբթի կեսօրվա դրությամբ պատասխան չէր ստացվել։

Միեւնույն ժամանակ,  ռազմական փորձագետը, ծանոթանալով լուսանկարին, նշել է, որ նկարում պատկերված է տանկի արկ, ամենայն հավանականությամբ՝ 125 mm 3БМ26 մոդելի։