Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել համաշխարհային տերություններին անհապաղ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե այդ երկիրը գերազանցի հարստացված ուրանի ստացման շեմը, տեղեկացնում է AP-ը։

«Եթե Իրանը կատարի իր ներկա սպառնալիքները եւ խախտի միջուկային գործարքը, միջազգային հանրությունը ստիպված կլինի անհապաղ ներդնել նախապես սահմանված պատժամիջոցների մեխանիզմը, որոնք կոչվում են «ակնթարթային պատժամիջոցներ»,- ասել է նա։ «Ցանկացած պարագայում Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ»,- ավելացրել է Նեթանյահուն։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին երկուշաբթի ասել է, որ երկիրն արագացրել է հարստացված ուրանի արդյունահանումը, եւ 10 օրում դրա պաշարը կգերազանցի 300 կիլոգրամանոց շեմը։ Արաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քամալվանդին տեղեկացրել է 2015 թվականի միջուկային գործարքի գծով Իրանի որոշ պարտավորությունների դադարեցման մասին, ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ ավելացումը։ Բացի այդ, նա ասել է, որ Իրանն ավելացրել է հարստացված ուրանի արդյունահանումը Նեթենզի ատոմային օբյեկտում՝ ավելացնելով, որ հաշվարկն սկսվում է այսօրվանից։

«Մենք կանցնենք (ուրանի պաշարների) 300 կլիոգրամանոց շեմը 10 օրում,- ասել է նա՝ ընդգծելով, որ կբարձրանա նաեւ մինչեւ 3.67 տոկոս մաքրության ուրանի հարստացման տեմպը։