Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան համաձայնության են հասել եվրոպական կործանիչների եւ օդային մարտական համակարգի ստեղծման շուրջ՝ Միացյալ Նահանգներից կախվածության նվազեցման համար, հաղորդում է AP-ը:

Երեք երկրների պաշտպանության նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որը կներառի նոր սերնդի մարտական ինքնաթիռի ստեղծում:

Ակնկալվում է, որ ապագա օդային մարտական համակարգը (FCAS) կսկսի գործել միայն 2040 թվականին: Օդային մարտական համակարգի պահանջները, որը ներառում է նաեւ անօդաչուներ, կսահմանվեն 2027 թվականին, իսկ մշտակման փուլը կսկսվի 2030 թվականին:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին նշել է, որ գործարքը «կոնկրետ ապացույցն է այն բանի, որ Եվրոպան կարող է կանխատեսել վաղվա ռազմավարական խնդիրները»:

«FCAS-ը 21-րդ դարի երկրորդ կեսին իշխանության համար պայքարի հիմնական ակտիվն է: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, պատմական իրադարձություն է»,- ասել է նա:

Dassault Aviation-ն ու Airbus-ը մտադիր են ինքնաթիռներ ստեղծել, որոնք վերջնական հաշվով կփոխարինեն Rafale-ին եւ Eurofighters-ին:

Ծրագիրը թողարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից 2017 թվականին: ԶԼՄ-ների գնահատականներով՝ ծրագրի վրա կծախսվի 100 մլրդ եվրո: