Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ «Լույս» խմբակցության անդամների եւ Երեւանի քաղաքապետի միջեւ: Պատճառն այն է, որ ավագանու նիստին նոր աշխատակիցներ կային, որոնց ընդդիմադիր խմբակցության անդամները չէին ճանաչում:

Սակայն իրավիճակը թեժացավ Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հարցի քննարկան ժամանակ:

«Լույս» դաշինքից Անի Խաչատրյանը հայտարարեց, որ նոր 5 դեմք է տեսնում, որոնցից երեքը նոր խորհրդականներ են, մեկը օգնական, իսկ 5-րդին չի էլ ճանաչում. «Այսինքն ի՞նչ է դուրս գալիս, նախօրոք գիտենք, որ այդ հիմնարկի հաստիքացուցակն ընդունվելու է, դրա համար արդեն ժամանակավոր պաշտոնակատա՞ր ունենք: Իսկ միգուցե չի ընդունվում հիմնարկը: Իսկ ինչու քաղաքապետարանի կայքում այդ մասին ոչինչ չակ, որ մենք անակնկալի ենք գալիս նոր դեմքեր տեսնելուց: Երբ նոր պարոնը ելույթ ունեցավ, ես ուզում էի ասել՝ ընկեր, դուք ո՞վ եք»:

Հայկ Մարությանն ասաց, որ եթե նոր մարդկանց մասին տեղեկատվությունը չկա կայքում, շատ վատ է, բայց դա չի նշանակում, որ նրանք անհայտ մարդիկ են. «Կա որոշում, որով ստեղծվել է համայնքային հիմնարկ, եւ փոխքաղաքապետը բացատրեց, թե ինչպես է այնտեղ նշանակվում ժամանակավոր պաշտոնակատար»:

Նշենք, որ խոսքը աղբահանության խնդիրներով զբաղվող պետական հիմնարկի մասին է: