Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման փորձերն ապարդյուն կլինեն առանց 1967 թվականին Մերձավոր Արեւելքում պատերազմի ընթացքում Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում Պաղեստին պետության ստեղծման: Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ցանկացած ծրագիր, որը կմերժվի պաղեստինյան կամ արաբական կողմից, անթույլատրելի է: «Ընդունելի լուծումը Պաղեստին պետության ստեղծումն է 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում՝ Երուսաղեմ մայրաքաղաքով», - հավելել է նա:

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից արաբական խաղաղ նախաձեռնության ընդունումը, որը 2002-ին  մշակվել է Սաուդյան Արաբիայի կողմից եւ որը  Իսրայելին նորմալ հարաբերություն է առաջարկում 1967 թվականին գրաված տարածքից հեռանալու փոխարեն, արաբական պետությունների համար միակ ընդունելի լուծումն է:

«Եթե Իսրայելն ընտրի միակ խելամիտ եւ ընդունելի որոշումը՝ այսինքն Պաղեստին պետության ստեղծումը, տարածաշրջանում նրան կընդունեն որպես նորմալ տարածաշրջանային  գործընկեր», -ասել է նա:

Կարծես թե Ահմեդ Աբու ալ Գեյթի մեկնաբանությունները ուղղված են դեռեւս չհրապարակված ծրագրին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  դարի գործարք է անվանել:

Այդ ծրագրի շրջանակում Բահրեյնում հաջորդ շաբաթ ԱՄՆ ղեկավարությամբ համաժողով կկայանա: Այն նվիրված կլինի Պաղեստինի տնտեսության համար առաջարկներին:

Պաղեստինի ղեկավարությունը բոյկոտում է համաժողովը, ասելով, որ Թրամփի խաղաղության ծրագիրը, հավանաբար, ավելի շատ ուղղված կլինի Իսրայելին եւ կխաթարի նրանց պետականության ձգտումը:

Չնայած ծրագրի հստակ ուրվագծերը դեռեւս բացահայտված չեն, պաղեստինյան եւ արաբական աղբյուրները նշում են, որ այն երկու պետությունների հիման կարգավորման մերժում է ենթադրում: