Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Այս մասին ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Պրն. Զաքարյան, Համահայկական խաղերի բացմանը քիչ ժամանակ է մնում: Բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, ի՞նչ փուլում են աշխատանքները:

Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Ինչպես գիտեք` խաղերն այս անգամ անցկացվելու են Երեւանում եւ Ստեփանակերտում: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ եմ` բոլորն են հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս խաղերի անցկացումը մեր երկու պետությունների համար պատմական այս փուլում: Նախապատրաստական աշխատանքներն, այո, բուռն ընթացքի մեջ են, աշխատում է  պրոֆեսիոնալներից կազմված մի մեծ խումբ, աշխատում է գիշեր ու ցերեկ: Գիտեք` նման միջոցառումները ունեն երկու կողմ. սովորաբար հանդիսատեսը,  հիանալով բացման եւ փակման շքեղ միջոցառումով, բուն մրցումների կազմակերպվածությամբ ու հստակությամբ, չի պատկերացնում, որ այդ ամենը հնարավոր է եղել ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ գլխավորությամբ մեծ թվով մարդիկ աշխատում են, որ Համահայկական 7-րդ խաղերը Երեւանում եւ Ստեփանակերտում անցնեն բարձր մակարդակով, ու մեր ժողովուրդը վայելի այդ շքեղ միջոցառումը: Խոչընդոտներ եւ խնդիրներ միշտ են լինում, ծագում են նորերը, անսպասելի տեղից եւ մարդկանցից, բայց դրանք չեն կարող եղանակ ստեղծել: Համահայկական խաղերը մեկ հոգու ցանկությամբ հնարավոր չէ կազմակերպել եւ իրականացնել: Ավելի պարզ ասեմ. չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում եւ լիարժեք աջակցություն, ուղղակի հնարավոր չէր լինի այս խաղերը կազմակերպել: Ուզում եմ շեշտել, որ այս գաղափարը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, եւ մենք արդյունավետ աշխատում ենք: Այս գաղափարը ստացել է Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։  Ես ուզում եմ հատուկ առանձնացնել խաղերի հենասյուն հանդիսացող մարզաձեւի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, որը բառիս բուն իմաստով ամենօրյա աշխատանքային ռեժիմով է աջակցում: Ես, ցավոք, չեմ կարող թվարկել բոլորի անունները, բայց հավատացնում եմ, որ մարդկանց, գործիչների, գործարարների, մարզաշխարհի ներկայացուցիչների մի մեծ խումբ, առանց որեւէ անձնական շահի, անում է ամեն ինչ՝ ընդհանուր վերջնական հաջողության համար:

Պրն Զաքարյան, Ձեր ղեկավարած պատվիրակությունը նոր է  վերադարձել պատմական Հայաստանից: Դատելով ռեպորտաժներից եւ տրվող տեղեկատվությունից՝ ուղեւորությունը խիստ հագեցած էր: Ինչպե՞ս է այն տեղավորվում Համահայկական խաղերի համատեքստում:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին`  այս ուղեւորությունը հովանավորելու համար: Խաղերի ջահը պետք է մեր պատմական Մուսա լեռից հասներ մինչեւ այս տարվա խաղերի մեկնարկի վայր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս անգամ որոշեցինք ջահը բոցավառելու սիմվոլիկ արարողությունը զուգակցել գործնական հետաքրքիր կապերի հաստատման հետ: Ժամանակակից աշխարհում մարզական, մշակութային  միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու եւ լուծելու համար: Մենք իրականացրեցինք առաջին պատմական թռիչքը Երեւանից Վան: Մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ունեցանք անկեղծ քննարկումներ, եւ սեղանին դրվեցին կարեւոր եւ հետաքրքիր գաղափարներ: Իմ կողմից առաջարկվեց Համահայկական հաջորդ խաղերը անցկացնել նաեւ Վանում, ստեղծել, դարձյալ խաղերի շրջանակներում, Գյումրի-Կարս ձեւաչափը եւ այլն:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը, բացի խաղերի ջահի վառման արարողությունից, հանդիպումներ ունեցավ Վանի, Մուշի, Կարսի, Իգդիրի քաղաքապետների հետ: Չեմ ուզում առաջ անցնել, բայց դրանք բոլորը կարեւոր ու հեռանկարային հանդիպումներ էին:

Մեր հինավուրց մայրաքաղաք Անիում համահայկական խաղերի ջահը փոխանցվեց մեր այսօրվա հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին: Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում, եւ այդ  պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին: Կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը: Մուշ-Անի ճանապարհին մենք համահայկական խաղերի ջահը խոնարհեցինք Գեւորգ Չաուշի գերեզմանին:

Դժվար է նկարագրել այն հուզական պահերը, որ ունեցել է մեր պատվիրակությունն այս ուղեւորության ընթացքում, դրանց մասին մենք արդեն պատմել ենք մեր հասարակությանը: Իմ սկզբունքային դիրքորոշումն է. մեր հասարակությունը պետք է  դառնա համահայկական խաղերի ողջ ընթացքի ակտիվ մասնակիցը,  ոչ թե միայն դիտորդը: Այդ պատճառով մենք այս ողջ ընթացքում մանրակրկիտ տեղեկատվություն ենք տալու կատարված աշխատանքների վերաբերյալ, ներգրավել եւ ներգրավելու ենք լրատվամիջոցներին, հրավիրելու ենք մեծ թվով կամավորների:

Պատվիրակությունների մասնակցության առումով կարող ենք արդեն ամփոփել նախնական պատկերը: Ովքե՞ր կգան, ի՞նչ կազմերով, ի՞նչ թվով:

Իհարկե, կարող ենք, բայց ես կառաջարկեմ սպասել հայտերի ընդունման ժամկետի ավարտին: Մենք մշտական կապի մեջ ենք սփյուռքի մեր բոլոր հայաշատ համայնքների կառույցների հետ, ես տիրապետում եմ մոտավոր պատկերին, բայց կրկնում եմ` ժամանակ դեռ կա. թվերը փոխվելու են: Ժամկետի ավարտից հետո կազմկոմիտեն պլանավորում է ասուլիս, եւ մանրամասն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հետաքրքրությունը շատ մեծ է, կազմակերպչական աշխատանքները, անկախ բոլոր դժվարություններից, ընթացքի մեջ են:

Պրն Զաքարյան, հայկական բնավորության համաձայն, կարծես թե բոլորը չեն, որ ուրախ ենհամահայկական 7-րդ խաղերը Հայաստանում եւ Արցախում նման շուքով անցկացնելու առիթով: Դա ձեզ համար սպասելի՞ էր:

Գիտեք, երբ թուրքական որոշ քաղաքներ այցելելուց հետո ադրբեջանցիները ոռնում էին իրենց բնորոշ  վանկարկումներով եւ  պաստառներով, ինձ մոտ միայն վստահությունն էր ավելանում, որ մենք շատ ճիշտ բան ենք անում եւ լավ ենք աշխատում: Երբ Երեւանում են որոշ մարդիկ պատվիրում մեր դեմ արշավ, ինձ մոտ ակամայից զուգահեռներ են գնում նրանց եւ ադրբեջանական շրջանակների մտածողության, գուցեեւ՝ շահերի միջեւ: Ես չեմ ուզում մտածել, որ Երեւանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել՝ վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը: Առայժմ այսքանը: Ես իրավունք չունեմ շեղվելու խաղերի կազմակերպման ահռելի եւ չափազանց մեծ աշխատանքներ պահանջող գործընթացից: Հետո ժամանակ շատ կունենանք խոսելու նաեւ այլ հարցերի մասին: