2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:

Հ.Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։