Եվրամիությունը կարձագանքի Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտմանը, եթե ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատի դա: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մեկնաբանելով Իրանի՝ ուրանի հարստացման գործընթաց սկսելու որոշումը, հաղորդում է Reuters-ը:

«Մեր գնահատականը հիմնվում է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների, այլ ոչ թե հայտարարությունների վրա: Մինչ այժմ Իրանը պահպանել է համաձայնագիրը, եւ մենք ակնկալում ենք, որ հետագայում այդպես էլ կլինի»,- ասել է նա ԵՄ ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումից հետո:  

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մասսն իր հերթին ասել է.

«Տեսնենք, թե ինչ կասի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ուրանի նման հարստացման դեպքում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի հարցով կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել է, որ Իրանն արագացնում է ուրանի հարստացման գործընթացը, եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարները կգերազանցեն 300 կգ շեմը: Արակում միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամալվանիդին հայտարարել է 2015թ. միջուկային գործարքի հարցով Իրանի որոշ պարտավորությունների իրականացման հետագա դադարեցման մասին՝ ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ մեծացման ծրագրերը:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանը մեծացրել է հարստացված ուրանի արդյունահանությունը Նետենզի ատոմային օբյեկտում՝ հավելելով, որ հաշվարկը կսկսվի այսօրվանից:

«Մենք կանցնենք 300 կգ շեմը 110 օրում»,- նշել է նա՝ ասելով, որ նաեւ կբարձրանա ուրանի հարստացման տեպը՝ մինչեւ 3,67% մաքրություն: