Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ էր, թե ինչու է նախկինում բազմիցս քննարկված, պարզաբանված եւ մամուլում շրջանառված տեղեկատվությունը նորից ներկայացվում հանրությանը որպես սենսացիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ արձագանքելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանն այն մասին, որ «Սանիթեքի» օֆիսները եւ ավտոպարկը գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում։

Պարոն Նիկոյան, երեկ Երեւանի քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ  նաեւ «Սանիթեք» ընկերության ավտոպարկի տարածքի վարձակալությանը, որը պատկանում է Ձեր հորը, ինչպես նաեւ նշեց, որ շատ փաստերի ծանոթանալով հասկանալի է, թե ինչու է մեկ ընկերություն՝ «Սանիթեքը»  շահել մրցույթը՝ ձեռք բերելով մենաշնորհային կարգավիճակ։

Լսել եմ քաղաքապետի խոսքը եւ, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ էր, թե ինչու է նախկինում բազմիցս քննարկված, պարզաբանված եւ մամուլում շրջանառված տեղեկատվությունը նորից ներկայացվում հանրությանը որպես սենսացիա, առավել եւս, երբ այն որեւէ կապ չուներ լրագրողի հարցի հետ։ Այդուհանդերձ կրկին պարզաբանեմ։ Այո, ներկայումս «Սանիթեքի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է հորս։ «Սանիթեքը» մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել եւ գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաեւ հորս պատկանող տարածքը։ Հայրս իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն եւ ես, ոչ այս դեպքում, ոչ երբեւէ չեմ մասնակցել կամ միջամտել իր գործունեությանը։ «Սանիթեքի» վարձակալության եւ որեւէ այլ գործարքներին նույնպես ես որեւէ միջամտություն չեմ ունեցել եւ ի պաշտոնե չէի կարող ունենալ, քանի որ երբեւէ չեմ համակարգել այդ ոլորտը եւ ուղղակի ազդեցության գործառույթներ «Սանիթեքի»  նկատմամբ չեմ ունեցել։ Հարցն այսքան մանրամասնում եմ, քանի որ ասվածի ենթատեքստից շահերի բախման հարց կարող է առաջանալ։ Բացի այն, որ օրենսդրությամբ շահերի բախում առկա չէ, պետք է պատկերացնել, որ Երեւանի քաղաքապետարանը պայմանագրային հարաբերություններ է ունենում հազարից ավելի կազմակերպությունների հետ եւ, ըստ ասվածի, կստացվի, որ եթե ներկայիս քաղաքապետի կամ քաղաքապետի որեւէ տեղակալի ազգականներից որեւէ մեկը այդ հազարավոր կազմակերպություններից որեւէ մեկի հետ որեւէ գործքարք իրականացնի, ուրեմն առկա է շահերի բախու՞մ։ Ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Ինչ վերաբերում է շահարկվող վարձավճարի չափին, ապա նշեմ, որ մեկ քմ վարձակալության տրված տարածքի դիմաց վարձատուին վճարման ենթակա միջին ամսական վարձավճարը կազմում է շուրջ 220 դրամ, ինչը յուրաքանչյուր ոք կարող է համեմատել շուկայական գների հետ եւ եզրակացություն անել:

Ի վերջո, խոսքը վերաբերում է սովորական տարածքի վարձակալությանը եւ եթե «Սանիթեքը»  գտնում է, որ այն հարմար կամ շահավետ չէ վաղուց կարող էր հրաժարվել այդ պայմանագրից: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ հայրս պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ պայմանգրով վարձատուի իր լիազորությունների շրջանակներում, եթե իրենից կախված որեւէ գործողություն կաջակցի քաղաքապետարանին լուծելու քաղաքի աղբահանության հետ կապված խնդիրը:

Ինչ վերաբերում է աղբահանության մրցույթում մեկ կազմակերպության շահելուն եւ ընդհանրապես մրցույթին, կարծում եմ, որ քաղաքապետարանում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը շուրջ մեկ տարի տեւած մրցույթին ծանոթանալու եւ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար։ Նշեմ միայն, որ կազմակերպվել է բաց, թափանցիկ միջազգային մրցույթ, մրցութային հանձնաժողովը եղել է մեծ ներկայացուցչական կազմով՝ բացի քաղաքապետարանի ներկայացուցիչներից ներառելով այլ գերատեսչության եւ խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եթե փորձեմ նկարագրել շուրջ մեկ տարի տեւած մրցութային գործընթացը, կարծում եմ, կհոգնեցնեմ Ձեզ, միայն ասեմ, որ հանձնաժողովի բոլոր նիստերն արձանագրված են, իսկ միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումները՝ տեսանկարահանված եւ եթե որեւէ մեկի մոտ կասկած է առաջանում մրցույթի անաչառության վերաբերյալ, կարծում եմ այդ նյութերին ծանոթանալուց հետո դրանք կվերանան։ Ասեմ նաեւ, որ ՀՀ օրենսդրությունը որեւէ կերպ չի սահմանափակում նույն կազմակերպությանը երկու լոտերում հաղթող ճանաչվելու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ եթե երկու լոտերում էլ նվազագույն գնային առաջարկը ներկայացրել է նույն կազմակերպությունը օրենսդրությամբ դու ուղղակի չես կարող հաղթող չճանաչել։ Եվ ընդհանրապես ի՞նչ է նշանակում ծառայությունների մատուցման գնման պայմանգրով ունենալ մոնոպոլ դիրք. դա նույնն է, որ մի կազմակերպություն, առաջարկելով նվազագույն գին, շահի որեւէ՝ օրինակ թափառող կենդանիների ստերջացման, ծառայության մատուցման մրցույթ եւ ասենք որ այդ կազմակերպությունը ունի մոնոպոլ դիրք։ Բնականաբար, դա այդպես չէ, տվյալ մրցույթով չի սահմանափակվել որեւէ կազմակերպության մասնակցությունը, ավելին առավելագույնս խրախուսվել է լայն իրազեկումն ու մասնակցությունը, եւ նվազագույն գնային առաջարկով պայմանագիր է կնքվել «Սանիթեքի» հետ, ինչը օրենքի պահանջ էր։ Ինչ վերաբերում է մատուցված ծառայությունների անհամապատասխանությանը, պայմանագրի չափորոշիչներին, ապա ինչպես ցանկացած գնման պայմանագիր, այս պայմանագրով նույնպես նախատեսված են բոլոր անհրաժեշտ պատասխանատվության միջոցները։