Խարկովի ֆիզկուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսեցի Արթուր Մարտիրոսյանին դուրս են նետել 6-րդ հարկից այն բանից հետո, երբ չի հաջողվել թրմանյութ գցել նրա մոտ: Այս մասին հայտնում է Kharkiv Times-ը՝ հղում անելով տուժածի հորը՝ Սերգո Մարտիրոսյանին:

Նրա խոսքով՝ իր տղան զբաղվում է սամբոյով եւ ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է, սովորել եւ մարզվել է Կիեւում Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջում, ապա ընդունվել է ակադեմիա: 18 տարեկան Արթուրը սպորտի վարպետ է, Ուկրաինայի 6-ակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության երկակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր: Ապրիլին նա մասնակցել է Կիպրոսում երիտասարդների եւ յունիորների եվրոպական առաջնությանը, պատրաստվել է աշխարհի առաջնությանը:

Հանրակացարանում Արթուրի հարեւանը ադրբեջանցի է, որի հետ նա ընկերացել է: Սերգոն ասում է, որ իր որդին նրան նույնիսկ չի հրավիրել Ալչեւսկի իրենց տուն: Այդ չարաբաստիկ օրը հարեւանը նրան հրավիրել է խորոված ուտելու: Հրավիրված են եղել նաեւ ադրբեջանցի ուսանողներ: Խնջույքի ընթացքում Արթուրը վատ է զգացել: Արթուրի հոր խոսքով՝ ինչ-որ բան են լցրել տղայի խմիչքի մեջ: Արթուրը գնացել է սենյակ, որպեսզի ուշքի գա: Դրանից հետո սենյակ են մտել ուսանողները՝ ինքնազգացողության մասին իմանալու պատրվակով: Նրանք սկսել են ինչ-որ պայուսակներ եւ անձնագրեր տեղադրել: Սերգոյի խոսքով՝ Արթուրը զգացել է, որ նրանք փորձում են թմրանյութ գցել նրա մոտ: Այդ ժամանակ տղան ձեւացրել է, թե չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում: Երբ երիտասարդները դուրս են եկել, Արթուրը փակել է սենյակի դուռն ու սկսել իրերը նետել պատուհանից: Դա տեսնելով՝ Արթուրի նոր ծանոթները վերադարձել են, կոտրել դուռն ու սկսել ծեծել նրան: Արթուրին հաջողվել է հասնել պատուհանի մոտ եւ օգնություն կանչել: Այդ պահին նրան դուրս են նետել պատուհանից:

Տղան ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլ նաեւ գիտակից վիճակում է եղել: Նա մոտեցել է մոտակա ավտոկայանատեղիին եւ թաքնվել բեռնատարի ետեւում: Եիտասարդները սկսել են փնտրել Արթուրին: Նրանք փորձել են ավտոկայանատեղի մուտք գործել, սակայն շներն ու պահակը չեն թողել: Պահակը նկատել է Արթուրին եւ ոստիկանություն կանչել:

Ոստիկանությունը արագ տեղ է հասել: Սերգոյի խոսքով՝ ոստիկանները միանգամից հաստատել են, որ տղան ինքնասպանություն է փորձել կատարել եւ գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Նրանք ստիպել են տղային դա ասել տեսախցիկի առաջ, սակայն Արթուրը հայտարարել է, որ իրեն դուրս են նետել պատուհանից, եւ որ ինքը թրմանյութ չի օգտագործում, ինչի ապացույց կարող է լինել այն, որ ինքը մասնակցում է միջազգային մրցումներին եւ դոպինգ թեստեր է անցնում:

Դրանից հետո դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, Արթուրին հիվանդանոց են տարել, ապա հոգեբուժարան, ապա նորից հիվանդանոց: Արթուրի հոր խոսքով՝ տղան կոնքազդրային ոսկորի եւ կոնքոսկրերի կոտրվածքներ է ստացել, իսկ սպորտային կարիերայի շարունակման մասին խոսք լինել չի կարող:

«Շնորհակալ եմ Աստծուն, որ նա ողջ է մնացել՝ 20 մետրից ընկնելուց հետո»,- ասել է Արթուրի հայրը:

Բացի այդ, նա տեղի ունեցածի հավանական պատճառ է համարում Արթուրից գումար շորթելու անհաջող փորձը, քանի որ իրենց ընտանիքը բավականին հարուստ է, եւ տղան կարող էր այդ մասին պատմել իր հարեւաններին:

Ոստիկանությունը հայտնել է, որ տղայի ընկնելու մասին հայտնել են հունիսի 12-ին ժամը 07:24-ին: Ոստիկանությունը հաստատել է, որ տղան Խարկովի համալսարաններից մեկի առաջին կուրսեցի է: Այդ օրը նա եւ եւս 3 ուսանող գտնվել են հանրակացարանում:

«Որոշ ժամանակ անց նրա ծանոթները լքել են տարածքը, իսկ տղան դուրս է նետվել պատուհանից: Ընկնելուց հետո նա ծանր վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Իր արարքի մասին ուսանողը դեռեւս հրաժարվում է պատմել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննությունը նախադատական հետաքննությունների միասնական ռեեստր է մտցրել ՔՕ 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 115-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանություն» նշմամբ: