ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը ողջունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում Գաբրիելա Բատաինի-Դրագոնին արդեն երրորդ այցելությունը Հայաստան: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների ու փոխայցելությունների դինամիկան վկայում է  Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության եւ այն առավել ընդգրկուն դարձնելու փոխադարձ հանձնառության մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության առավել ամրապնդմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը՝ որպես ամուր գործիք՝ աջակցելու կառավարության կողմից առանձնացված գերակայությունների իրականացմանը:

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի, կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվելիք միասնական ջանքերի շուրջ:

ԱԳ նախարարի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպմանը հաջորդեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որից հետո տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական փոստային բացիկի պաշտոնական մարումը: